0
Հրազդան գետում անցկացվեց Սևանի ջրային մարզաձևերի դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված ամենամյա հերթական հուշամրցաշարը: Աշոտ Ավետիսյանը երկար տարիներ Սևանի Ջրային մարզաձևերի դպրոցի տնօրեն է աշխատել: Նրա սաները մասնակցել են աշխարհի ու հանրապետական բազմաթիվ առաջնությունների՝ գրավելով պատվավոր հորիզոնականներ: Մեծ մարզչի հիշատակին նվիրված հուշամրցաշարը անցկացվում է ամեն տարի Հրազդան գետում: Հերթական արդեն 14-րդ հուշամրցաշարն անցկացվեց օգոստոսի 29-ին Հրազդան գետում: Թիավարության կանոէների և բայդարկաների բաց առաջնության հուշամրցաշարին մասնակցեցին կրտսեր և պատանի երիտասարդներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից: Սևանցի մարզիկները նոր են վերադարձել Ուզբեկստանից, որտեղ օգոստոսի 23-ից 25-ը մասնակցել են աշխարհի առաջնությանը: Սևանի Ջրային մարզաձևերի դպրոցի նախկին տնօրեն Աշոտ Ավետիսյանի հիշատակին նվիրված բաց առաջնության թիավարության մասնակիցները հաղթահարեցին բայդարկա և կանոէ մեկտեղանոց և երկտեղանոց 200 և 500 մ. մրցուղիները: Հուշամրցաշարին մասնակից և հաղթող ճանաչված մարզիկները պարգևատրվեցին պատվոգրերով և մեդալներով: