0
Օգոստոսի 20-ին Սևանի Նորիկ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ օլիմպիական թաեքվոնդո մարզաձևի «Գեղարքունիքի գավաթ» 11-րդ բաց մրցաշարը, որին մասնակցում էին 12 թիմեր Սևանից, Երևանից, Նոյեմբերիանից, Հրազդանից և Գյումրուց: Օլիմպիական թաեքվոնդոի բաց մրցաշարը կազմակերպվել էր «Նվիրյալներ» ռազմամարզական ՀԿ-ն՝ նախագահ Արման Գրիգորյանի գլխավորությամբ, աջակցել էին Սևանի համայնքապետարանը, Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան և Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցը: Մրցաշարը նպատակ ուներ զարգացնել օլիմպիական թաեքվոնդո մարզաձևը տարածաշրջանում: Թաեքվոնդո մարզաձևը Սևանում մեծ տարածում ունի: Սևանից թաեքվոնդոի Հայաստանի մեծահասակների չեմպիոն Դավիթ Թորոսյանը վերջերս Չինաստանում մասնակցել էր համաշխարհային ուսանողական խաղերին: Այս օրերին Դավիթը գտնվում է Էստոնիայում: Տալինում կմասնակցի թաեքվոնդոյի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, ինչպես նաև G1 մրցաշարին: Օլիմպիական թաեքվոնդոի 11-րդ բաց մրցաշարի հաղթողները պարգևատրվեցին մեդալներով, պատվոգրերով, իսկ թիմերի մարզիչները՝ շնորհակալագրերով: