0
Մրցաշարին մասնակցում էին Գագարին Նախագծում ընդգրկված Գագարին գյուղի, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Ծաղկունք, Վարսեր գյուղերի ֆուտբոլային թիմերը, ինչպես նաև՝ հրավիրյալ թիմեր Երևանից, Սևանից, Հրազդանից, Ոսկեվազից, Շնողից, Թեղուտից (Տավուշի մարզ) և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից։ 8-16 տարեկանների մրցութային խմբերին ընկերակցեցին նաև մեծահասակների թիմերը: Շուրջ 30 թիմերի՝ 400 խաղացող: Ֆուտբոլային տոնի շուրջ 400 մասնակիցների թվում էին նաև հրավիրյալ հյուրեր՝ ճանաչված ֆուտբոլիստներ և մարզիչներ։ Մրցաշարին ազգային երաժշտության ու պարերի ռիթմ հաղորդեց «ԿԱՅԹ» կրթամշակութային հանգույցի և «Թագպար» նախագծի «Պարատոն»-ը՝ գյուղերի երիտասարդների մասնակցությամբ։ Սպորտային խաղերի ընդմիջումներին ներկաները կարողացան մասնակցել ազգագրական խաղերին: 6 ամիս շարունակ «Գագարին» նախագծի «Իրական Դպրոց»-ի ուսանողներն այցելել են Գեղարքունիքի մարզի 6 գյուղեր՝ Գագարին, Զովաբեր, Ծաղկունք, Դդմաշեն, Վարսեր եւ Գեղամավան, անցկացրել ազգային պարերի դասեր, որոնց արդյունքում մասնակիցները սովորել են ավելի քան 20 պար։ Այդ պարերով էլ ուղեկցվեց «Գագարին» նախագծի ամենամյա «GP CUP» ֆուտբոլային սիրողական մրցաշարը: Մրցաշարին հաջորդել է մրցանակաբաշխությունը: Հաղթող թիմերն ու լավագույն ֆուտբոլիստներն ըստ տարիքային անվանակարգերի արժանացել են GPCup գավաթների և խրախուսական մրցանակների: Gagarin Project Cup ամենամյա այս կարևոր ֆուտբոլային փառատոնը խրախուսում է երիտասարդների սպորտային հմտությունների զարգացումն ու առողջ ապրելակերպի խթան հանդիսանում նախագծում ընգրկված բնակավայրերում: Ծրագրի հյուրընկալ մարզադահլիճներն ու բացօթյա հրապարակները նաև հնարավորություն են ստանում ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկական պարագաներ` երիտասարդների մարզումն ավելի բարենպաստ պայմաններում իրականացնելու համար: