0
Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվեց որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր: Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը՝ Սևան համայնքում իրականացվեցին մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ: Ոչ նյութական արժեքների հանրահռչակման օրերը եզրափակվեցին նոյեմբերի 14-ին Սևանի Համայնքային մշակութային կենտրոնում՝ «Հազարամյակների շունչը» խորագրով: Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողներին պարուսույց Էլինա Խաչատրյանի կողմից ներկայացվեց հայկական ազգային պարերի և ազգային նվագարանների պատմությունը: Անցկացվեց նաև վարպետած դաս, որտեղ ուսուցանվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկում գրանցված «Քոչարի» հայկական ամենատարածված պարի շարժումները։ 2006 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան և դրա կիրարկման շրջանակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ բազմաբնույթ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում։ 2009 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը: