0
Հուլիսի 9-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակութային կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ Սևանի նորաստեղծ տիկնիկային թատրոնի Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի հիման վրա բեմադրված տիկնիկային ներկայացման առաջնախաղը, որով էլ տրվեց նաև մշակութային կենտրոնի տիկնիկային թատրոնի գործունեության մեկնարկը։ «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, GIZ-ի ֆինանսավորմամբ, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ թատրոնի և թատերական արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը Սևանում դարձավ ծրագիր, որը մեկնարկել էր նախորդ տարվա դեկտեմբերից։ Տիկնիկների և դեկորների պատրաստման մեջ օգտագործվելու են թղթի, կտորի և պլաստիկի վերամշակումից ստացած նյութեր։ Ներկայացման նկարիչը, քանդակագործն ու դեկորատորը ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանն է։ Ներկայացման երգերը հատուկ պատվիրված են, որոնք հեղինակել են կոմպոզիտոր Աննա Հակոբջանյանը, գրող Հրաչ Բեգլարյանը, գործիքավորող Վահան Նահապետյանը։ Դերասանական կազմում ընդգրկվել են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ, այլև 12-20 տարեկան պատանիներ և երիտասարդներ։ Այս ծրագրի շրջանակներում նրանք սովորել ու դեռ շարունակում են սովորել նաև նոր մասնագիտություն՝ տիկնիկագործություն և տիկնիկավարություն։ «Փոքրիկ Իշխանը» տիկնիկային ներկայացումով հիմք է դրվում Սևանի տիկնիկային թատրոնի ստեղծմանը: Այսուհետ Սևանի և տարածաշրջանի բնակիչները հնարավորություն կունենան վայելելու մի շարք տիկնիկային ներկայացումներ: Սևանի տիկնիկային թատրոնը առաջիկայում «Փոքրիկ Իշխանը» տիկնիկային ներկայացմամբ կհյուրնկալվի տարածաշրջանի կրթամշակութային կենտրոններում: