0
Սևան համայնքի հարգարժան բնակիչներ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Այսօր Հայաստանի Առաջին հանրապետության ծննդյան և Սարդարապատի հերոսամարտի օրն է: 106 տարի անց էլ Առաջին հանրապետության ստեղծման օրը մեզ համար եղել և մնում է ոչ միայն խորհրդանշական, այլ նաև պատմական և կարևորագույն օր, որն իր տեղն է ամրագրել մեր երկրի տոնացույցում: Դարեր շարունակ պետություն ու պետականություն չունեցող ժողովուրդը թոթափեց իր ուսերին դրված մեծ բեռը և 1918թ. ոչ միայն ինքնակազմակերպվեց, այլ նաև ստեղծեց պետություն: Առաջին Հանրապետությունը ստեղծվեց մեր ժողովրդի համար ծանր ու բախտորոշ ժամանակահատվածում, ու մայիսի 28-ն էլ դարձավ ճամփաբաժան՝ փոխելով մեր պատմության ուղին, հային վերադարձնելով իր ինքնությունը, ձևակերպելով մեր նպատակներն ու ապագան: Մայիսի 28-ը միավորեց մեր երազանքներն ու նպատակները, մեր հավատն ու հայրենիք-պետություն ունենալու ձգտումը: Չնայած երկուսուկես տարվա կենսագրությանը՝ Առաջին հանրապետությունը կատարեց իր պատմական առաքելությունը, որն անգնահատելի է։ Հայ ժողովուրդն իր իշխանությունը հաստատեց իր հայրենիքում, որով հիմք դրվեց Հայաստանի քաղաքացու գիտակցության ձևավորմանը: Այս բարդ ու դժվարին ժամանակահատվածում, երբ աշխարհաքաղաքական, բարոյահոգեբանական, ֆիզիկական, անվտանգության լուրջ մարտահրավերներ ենք հաղթահարում ամեն օր, երբ մեր երկիրը գտնվում է աշխարհաքաղաքական խաչմերուկներում, ես ցանկանում եմ, որ մենք միավորվենք մեկ նպատակի շուրջ` ազգային համախմբման գաղափարախոսությունն ու հայրենիքի պաշտպանությունը, նրա անվտանգությունն ու կայուն զարգացումը դարձնելով գերակա: Յուրաքանչյուրիս ջանադիր աշխատանքի ու նվիրումի շնորհիվ մենք կարող ենք ունենալ կայացած ու անվտանգ պետություն: Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի համար պատմական ու նվիրական օրվա՝ Մայիսի 28-ի առթիվ: Մաղթում եմ ոգու կորով, մեծագույն կամք, միասնականություն, հավատ ապագայի նկատմամբ: Արժանի լինենք մեր բոլոր ժամանակների հերոսների թողած պատգամներին՝ ստեղծելով ուժեղ, զարգացած պետություն, համախմբվելով մեր նվիրական նպատակների ու գաղափարների շուրջ: