0
Ապրիլի 2-ին Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում բացվել էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության, Ծաղկազարդին ու Մայրության տոներին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացված էին արվեստի դպրոցի սաների աշխատանքները: Ցուցահանդեսին ներկա էին դպրոցի սաների ծնողները, Սևանի համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պատասխանատու աշխատակիցներ, Արվեստի դպրոցի ուսուցիչներ: Առանցքում ավանդական ու ծիսական տոների խորհուրդն էր ու խորհրդանշող պատկերները, որոնք դարձել էին արվեստի ինքնատիպ աշխատանքներ ու ցուցանմուշներ երեխաների ձեռքով: Արվեստի դպրոցի ճեմասրահի մի անկյունում էլ դպրոց հաճախող արցախցի երեխաների աշխատանքներն էին՝ արցախյան շնչով, գույներով ու թեմաներով: Դպրոցի թատերական և ազգային խոհանոց խմբերի սաները ներկայացան Սուրբ Հարության տոնին նվիված փոքրիկ, բայց միևնույն ժամանակ շատ հագեցած միջոցառմամբ, որն ուղեկցվեց տիկնիկային ներկայացմամբ, ասմունքով երգ ու պարով: Երեխաները ներկայացրին Զատկին նվիրված ավանդական կերակուրները, տոնի պատմությունն ու խորհուրդը: Ցուցահանդեսում կարելի էր տեսել աշխատանքներ, որոնք պատրաստել են ինչպես միջին դպրոցի աշակերտները, այնպես էլ ամենափոքրերը։ Կարևորը՝ բոլորը սիրով էին պատրաստված, նշեց տնօրեն Հասմիկ Խանդանյանը։ Երեխաներից ոչ պակաս ոգևորված էին նաև ծնողները՝ տեսնելով և հիանալով իրենց երեխաների աշխատանքի արդյունքը: Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում սովորում են շուրջ 350 աշակերտներ և այդ թիվը գնալով ավելանալու միտում ունի, ցանկացողները շատ են: Արվեստի դպրոցում գործում են ասեղնագործության, դիզայնի, թատրոնի, նկարչության, կիրառական զարդարվեստի, գեղարվեստական մոդելավորման, մաքրամեի, հելյունագործության, գոբելենի եւ այլ խմբակներ: Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում սուրբ Զատկին, Ծաղկազարդին ու Մայրության տոներին նվիրված ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 5-ը ներառյալ: