0
Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանում արդեն մի քանի օր է, ինչ գործում է «28-ը մայիսի` մեր անցյալի, ներկայի ու ապագայի խաչմերուկում» խորագրով ցուցադրություն: Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում անցկացվեց «Հայրենիքն իմ սրտում և իմ աշխատանքներում» ձեռքի աշխատանքների ցուցահանդես` Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցի նկարչական և գոբելենի դասարանների սաների ներկայացմամբ: Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում ցուցադրված էին նաև սևանցի երիտասարդ նկարիչների աշխատանքները: Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում տեղի ունեցավ տոնական համերգային ծրագիր` «Հայրենիք, Ես մի ծիլն եմ քո արտի» խորագրով` մասնակցությամբ Սևան համայնքի պարային համույթների, որն ուղեկցվեց փաստավավերագրական և գեղարվեստական անցումներով: 1918թ-ի մայիսին տեղի ունեցած Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերից հետո նոր ծնունդ առավ հայկական առաջին պետությունը: Առաջին հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ երիտթուրքական բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար հայ գաղթականներն ու սովը, տրանսպորտային ուղիների շրջափակումները, քեմալական Թուրքիայի հարձակումը, խանգարելու էին պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Առաջին Հանրապետության դերը անգնահատելի է, նախ և առաջ՝ Հայոց Պետականությունը վերակերտելու առումով։