Ավագ շաբաթ օրվա երեկոյան կատարվում է Սուրբ Զատկի ճրագալույցի արարողությունը։ Այսպիսով եզրափակվում է Տիրոջ չարչարանքների շաբաթը և տրվում Նրա Հրաշափառ Հարության ավետիսը։ Ավետիսով էլ ավարտվում է Մեծ պահքը:
«Շաբաթ օրվա երեկոյան, երբ կիրակին լուսանում էր, Մարիամ Մագդաղենացին և մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու: Եվ ահա մեծ երկրաշարժ եղավ, որովհետև Տիրոջ հրեշտակը երկնքից իջնելով՝ մոտեցավ, դռնից վեմը մի կողմ գլորեց ու նստեց նրա վրա: Նրա տեսքը փայլակի նման էր, ու նրա զգեստը՝ սպիտակ, ինչպես ձյունը: Նրա ահից պահապանները խռովվեցին և մեռելների պես եղան: Հրեշտակը խոսեց ու կանանց ասաց. «Դուք մի՛ վախեցեք, գիտեմ, որ փնտրում եք Հիսուսին, որ խաչվեց. այստեղ չէ նա, քանի որ հարություն առավ, ինչպես ինքն ասել էր»» (Մատթ 28 1-6):
Ճրագալույցի Ս․ Պատարագով սկսվում է Սուրբ Հարության տոնը։ Սա քրիստոնյաներիս համար ցնծության և ուրախության օր է, քանի որ արժանանում ենք լսելու Տիրոջ Հարության ավետիսը՝ «Քրիստոս հարյավ ի մեռելոց»: Այս խորհուրդը գլուխն է բոլոր տնօրինական խորհուրդների: Քրիստոս իր Հարությամբ հարություն տվեց նաև մեզ, որ մեղքի մեջ էինք։ Նա առավ իր ուսերին ամենքիս մեղքերը՝ չպահանջելով մեզնից ոչինչ՝ սիրուց բացի։ Տիրոջ՝ երկրորդ Ադամի Հարությունն էլ արարչագործության յուրօրինակ ձև է, քանի որ այդպիսով ողջ ժողովուրդն ազատվեց մեղքերից և ճշմարիտ ճանապարհ գտավ առ Աստված։