0
Սիրելի նորակոչիկներ Մեկնարկել է 2024թ. ամառային զորակոչը, և Սևան համայնքում դուք առաջինն եք, որ պատիվ ունեք համալրելու Հայոց բանակի շարքերը: Հունիսի 27-րդ օրը մի այլ խորհուրդ ունի, որը միավորում է հպարտության ու հայրենիքի պաշտպան լինելու զգացողությունները: Դուք դառնալու եք մեր բանակի մի մասնիկն ու կենսունակ ուժը` այն ամրացնելով ձեր ներկայությամբ, ձեր արժանապատիվ ծառայությամբ: Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, զինվորագրվելով մեր զինված ուժերին, քաջ գիտակցի իր դերը ու ծառայության երկամյա տարիներն անցկացնի հայրենիքի տերն ու պաշտպանը լինելու պատվախնդրությամբ: Իհարկե, առջևում նաև դժվարություններ են ու փորձություններ, բայց միևնույն ժամանակ այդ ամենը հաղթահարելու շնորհիվ է, որ ձեռք եք բերելու նոր որակներ, դառնալու եք առավել կայացած ու ինքնավստահ: Սիրելի նորակոչիկներ Դուք և ձեր ընկերները մեր համայնքի լավագույն երիտասարդներից եք, մենք հպարտությամբ ենք ձեզ ճանապարհում, միաժամանակ կիսում ենք ձեր ծնողերի ու հարազատների հուզմունքն ու անհանգստությունը: Հարգելի ծնողներ, Գիտեմ, որ անբացատրելի են ձեր ապրումները, որոնց այս պահին միախառնվել են հուզմունքին և հպարտությանը: Մենք ձեր կողքին ենք, ու մեր օրհնանքներն ու բարեմաղթանքները ձեր զավակների հետ են: Սիրելի նորակոչիկներ Մենք հավատում ենք, որ ձեր երկամյա ծառայությունը լինելու է բարեհաջող: Մեր հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունն էլ այսուհետ նաև ձեր ձեռքերում են: Հայրենիքի զինվոր լինելը մեծագույն պատիվ է, և այսօր այդ պատվին արժանանում եք նաև դուք` կրելով հայրենիքի պաշտպանը լինելու այն մեծ պատգամը, որ ձեր ավագ ընկերներն են փոխանցել ձեզ` պաշտպանելով հող հայրենին ու բռնելով անմահության ճանապարհը: Սիրելի նորակոչիկներ Ձեզ մաղթում ենք խաղաղ ու անվտանգ, արժանապատիվ ու բարի ծառայություն, բազկի ուժ, մտքի զորություն, հայրենիքի զինվորին վայել պահվածք: Սևան համայնքը ճանապարհում է ձեզ մեծ հպարտությամբ, օրհնանքների տարափով և անհամբեր սպասելու է ձեր տունդարձին: Աստծո աջը` ձեզ, մեր ժողովրդին ու հայրենիքին պահապան: