0
Հունիսի 27-ին զինվորական ծառայության ճանապարհվեց Սևան համայնքի նորակոչիկների առաջին խումբը։ Աշխույժ ու մարդաշատ էր զինկոմիսարիատի վարչական շենքի հարակից տարածքը: Սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը: Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժնմունքում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից անցան բժշկական զննություն, իրականացվեցին վերջին փաստաթղթային գործողությունները: Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Ավագ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ` Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին: Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանի, Սևան համայնքի ղեկավարի օգնական Արման Հարությունյանի, համայնքապետարանի աշխատակիցների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժանմունքի պետ Նաիրի Խաչատրյանի, տարածքային ստորաբաժանման Սևանի բաժանմունքի աշխատակիցների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ստեփանոս քահանա Իգնաթևոսյանը կատարեց նորակոչիկների օրհնության կարգ: Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը օրվա առիթով շնորհավորեց, խաղաղ և ապահով ծառայություն մաղթեց նորակոչիկներին, հույս հայտնելով, որ նրանք բարեխղճորեն ու պարտաճանաչ կերպով կկատարեն իրենց առջև դրված պարտականությունները և բարձր կպահեն իրենց հայրենիքի ու հայ զինվորի պատիվը։ Մինչ հրաժեշտը, Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից ավնդույթի համաձայն նորակոչիկներին հանձնվեցին նվերներ: Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով: