0
Նոյեմբերի 10-ին լրանում է տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման 28-րդ ամյակը: 1996թ. նոյեմբերի 10-ին Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ անցկացվեցին Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որը ժողովրդավարության հիմնարար քայլ էր և ամրագրվեց պետական տոնացույցում որպես Տեղական ինքնակառավարման մարմինների օր: Անցած տասնամյակների ընթացքում ՏԻՄ համակարգը կրել է ժամանակի թելադրած և իրավիճակով պայմանավորված բարդություններ, դժվարություններ, կատարելագործվել է այդ ճանապարհին, անցել է հաջողությունների և բարեփոխումների տեսանելի ուղի: ՏԻՄ համակարգը մշտապես փոփոխությունների և զարգացման կարիք ունի, քանի որ համայնքը կենդանի օրգանիզմ է, և հարափոփոխ են պահանջներն ու մոտեցումները: Տեղական ինքնակառավարման մարմինները` ի դեմս համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, մասնակցությամբ համայնքապետարանի աշխատակազմի և բնակավայրերի վարչական ղեկավարների, ինքնակառավարման գործընթացը դարձրել և դարձնելու են համայնքների զարգացման, տեղական ինքնակառավարման համակարգի կայացման միջոց և հնարավորություն, որի առանցքում համայնքային կյանքի որակի բարելավումն է, համայնքի բնակիչների խնդիրների լուծումը, մասնակցային կառավարման գործիքակազմերի ապահովումը: Համայնքի կայուն զարգացումն ու բարեկեցիկ, ներկայանալի լինելը տեղական ինքնակառավարման մարմինների գերակա խնդիրն է: Մենք ապրում և աշխատում ենք բարդ, պատասախանատու ու դժվարին ժամանակաշրջանում` ամեն օր հաղթահարելով մի շարք մարտահրավերներ, ու քաջ գիտակցում, որ համայնքի դիմագիծը ձևավորվում են տեղական ինքնակառավարման համակարգում ծառայություն իրականացնող մարդիկ։ Կարծում եմ` այս համակարգում գործունեություն իրականացնող յուրաքանչյուր աշխատակից ունի կամք ու համապատասխան գիտելիքներ, նվիրվածություն և համբերատարություն` լուծելու այն բազմաթիվ խնդիրները, որոնք ծառացած են մեր առջև, կիսելու համայնքի յուրաքանչյուր բնակչի հոգսերը: Նոյեմբերի 10-ը լավագույն հնարավորություն է՝ անցած տասնամյակներն ամփոփելու, մեր առջև ծառացած խնդիրներին նորովի մոտենալու, տեղական ինքնակառավարումն և ապակենտրոնացումը կատարելագործելու, համակարգը առավել բաց ու հրապարակային դարձնելու համար: Շուտով երեքտասնամյակը բոլորող համակարգն իր կենսունակությամբ ապացուցում է, որ երկիրն ու պետությունը ուժեղ են համայնքներով, որոնք կառավարման հենասյուներն են և զարկերակները: Համակարգի կատարելագործման ճանապարհին անհրաժեշտ պայման է, որպեսզի մեր բնակիչները կանգնեն տեղական ինքնակառավարման մարմինների կողքին, և փոխադարձ վստահության, փոխըմբռնման պայմաններում կարողանանք զարգացնել ու շենացնել մեր համայնքները: Տոնական օրվա առթիվ շնորհավորանքներս եմ հղում ՏԻՄ համակարգի ներկայացուցիչներին, Սևան համայնքի ավագանու անդամներին, Սևանի համայնքապետարանի աշխատակազմին, միավորված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի աշխատակիցներին: Ես գնահատում ու կարևորում եմ յուրաքանչյուրիդ աշխատանքն ու ջանքերը, մասնագիտական ու մարդկային որակները, ձեր պատրաստվածությունն ու պատրաստակամությունը համայնքային կյանքի որակն առավել լավը դարձնելու ուղղությամբ: Մաղթում եմ ձեզ ուժ ու եռանդ, նվիրվածություն ու նպատակասլաց աշխատանք, արևշատություն և առողջություն, հաստատակամություն և պետականամետ գործունեություն, որոնք այնքան անհրաժեշտ են մեր հետագա քայլերի ու գործողությունների իրականացման ճանապարհին, մեր համայնքի զարգացման գործում։ Հարգելի գործընկերներ Վստահ եմ` յուրաքանչյուրդ ձեր տեղում և ձեր լիազորությունների շրջանակներում այսուհետ էլ շարունակելու եք ձեր ծառայությունը հանուն Սևանի և սևանցու, հանուն մեր համայնքի կայուն զարգացման և առաջընթացի, հանուն մեր պետության բարօրության: