» Սևանում անցկացվեցին միջոցառումներ նվիրված Մեդիագրագիտության շաբաթվան:

 
 
 

Սևանում անցկացվեցին միջոցառումներ նվիրված Մեդիագրագիտության շաբաթվան:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-11-2024, 15:59, դիտել են` 9

0 #Սևան համայնքում անցկացվեցին միջոցառումներ նվիրված 2024թ. նոյեմբերի 4-10-ը անցկացվող #Մեդիագրագիտության_շաբաթվան: Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում նոյեմբերի 6-ին «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանը հյուրընկալել էր Սևանի Վլ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին: Ներկայացվեցին մեդիագրագիտությանն առնչվող խնդիրներ, նշվեց համացանցից ճիշտ օգտվելու կարևորության մասին, ճիշտ և սխալ, հավաստի և ոչ հավաստի տեղեկատվության տարբերակման վերաբերյալ տրվեցին ուղղորդիչ հարցեր: Անչափ կարևոր է, որ դպրոցական նստարանից աշակերտները մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևորությունը հասկանան և իրենց առօրյայում կարողանան ճիշտ օգտվել առկա տեղեկատվությունից: Երեխաներին հուզող մի շարք հարցեր ստացան իրենց պատասխանները կոնկրետ օրինակների և պատմությունների միջոցով: Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում «Սևան համայնքի Դդմաշեն բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում կազմակերպվել էր սեմինար-քննարկում` «Ավելի անվտանգ առցանց միջավայր» թեմայով։ Մանկապարտեզ հաճախող սաների ծնողների մասնակցությամբ անցկացվեց հեքիաթուսուցում և խմբային քննարկում։ Իրազեկված և մեդիագրագետ ծնողը կարող է իր երեխային զերծ պահել համացանցի բացասական ազդեցությունից, ինչպես նաև երեխային փոխանցել ճիշտ և ստուգված տեղեկատվություն: Նոյեմբերի 8-ին «Սևան համայնքի Ս. Պետրոսյանի անվան թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի ավագ խմբի հերթական պարապմունքը նվիրված էր մեդիագրագիտությանը՝ «Ինչպես ենք ստանում լուրեր և տեղեկություններ» խորագրով: Մեդիագրագիտության շաբաթն ամենամյա նախաձեռնություն է, որի ընթացքում կրթության ոլորտի կառույցներն ու կազմակերպությունները մասնակցում են առցանց և առդեմ հանդիպումների, ինչպես նաև մշակում և իրականացնում են կրթական նախագծեր՝ նոր չափորոշչին համապատասխան՝ օգտվելով առկա կրթական ռեսուրսներից և ինտեգրելով մեդիագրագիտությունը կրթության մեջ։ Օրեցօր զարգացող արհեստական բանականության դարաշրջանում մեդիագրագիտությունն օգնում է խուսափել խայծերից, չտրվել քարոզչությանը և հետևել մեդիա հիգիենային։  Այս տարի մեդիագրագիտության շաբաթվա խորագիրն է «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում»։  Մեդիագրագիտության շաբաթը միջազգային շարժում է: Այն անցկացվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի աշնանը, և նպատակ ունի ավելի մեծ ուշադրություն հրավիրել մեդիան հասկանալու, վերլուծելու, գրագետ և արդյունավետ օգտագործելու կարևոր խնդիրի վրա։ Նախագծի շրջանակում իրականացվում են պանելային քննարկումներ, վարպետության դասեր, ուսուցչական մեծ ֆորում, հանդիպումներ և դասընթացներ գրադարաններում, համալսարաններում և դպրոցներում, մարզային հանդիպումներ, նոր գրքերի և ձեռնարկների շնորհանդեսներ, մարզային հանդիպում-քննարկումներ ոլորտի փորձագետների և լրագրողների հետ: Սևան համայնքը նախորդ տարիներին ևս մասնակցել է Մեդիագրագիտության շաբաթվան՝ տարբեր նախաձեռնություններով, պարապմունքներով, քննարկումներով:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: