0
Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրերը Սևանում շարունակվում են: Կարևորելով ոչ նյութական մշակութային ժառանգության դերն ու նշանակությունը՝ Սևան համայնքում շարունակվում են մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ՝ նվիրված Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օրվան: Նոյեմբերի 5-ին և 6-ին «Նկուղ» ստեղծարար հարթակը տրամադրվել է սևանցի փոքրիկներին: «Գեղարքունյաց հեքիաթներ և խաղիկներ» խորագրով նախաձեռնության ընթացքում կընթերցվեն հեքիաթներ, երեխաները կմասնակցեն ժողովրդական խաղերին: Այս տարի առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվում է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման միջազգային օր: Տեղեկացնենք, որ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի որոշմամբ ևս 17-ով համալրվել է Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության արժեքների ցանկը, որոնք ներկայացվել են Հայաստանի համայնքներից: Այդ թվում է նաև «Անա նանան քյե ղուրբան» երգը Սևան համայնքից և «Տոմաստի պատրաստման և կիրառման ավանդույթը» Վարդենիս համայնքից: Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հանրության, խմբերի, որոշ դեպքերում առանձին անձանց կողմից որպես իրենց մշակութային ժառանգության մաս ճանաչված, կենցաղում հաստատուն տեղ զբաղեցնող սովորույթների, ավանդույթների, ծեսերի, պատկերացումների ու արտահայտման ձևերի, գիտելիքների ու հմտությունների, ինչպես նաև դրանց առնչվող գործիքների, առարկաների, ստեղծագործությունների և մշակութային տարածքների ամբողջությունն է։ 2006 թ. Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թվականին «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան և դրա կիրարկման շրջանակում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության, պաշտպանության և հանրահռչակման ուղղությամբ բազմաբնույթ տեղական և միջազգային ծրագրեր են իրականացվում։ 2009 թվականի հոկտեմբերի 7-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքը: Ոչ նյութական մշակութային ժառանգության հանրահռչակման օրվան նվիրված միջոցառումները Սևան համանքում կշարունակվեն նաև նոյեմբեր ամսվա ընթացքում: