0
Հոկտեմբերի 11-31-ը Հայաստանի Հանրապետությունում կիրականացվի Գյուղատնտեսական համատարած հաշվառում: ՀՀ բոլոր մարզերում և Երևան քաղաքում ընթանում է ԳՀՀ նախապատրաստական աշխատանքների հերթական փուլը՝ հաշվարարների ուսուցումը: Այս փուլում ԳՀՀ վարչության մասնագետները կազմակերպում են մարզերի և Երևան քաղաքի Գյուղատնտեսական համատարած հաշվառման ժամկետային հիմունքներով ներգրավված դաշտային աշխատողների ուսուցումը (հրահանգավորումը): Հոկտեմբերի 7-ին Սևանի տարածաշրջանի հաշվարարների ուսուցում անցկացվեց Սևանի բիզնես կենտրոնում: Հոկտեմբերի 11-31-ի գյուղատնտեսական համատարած հաշվառումը կիրականացվի ձևավորված համապատասխան հարցաշարի հիման վրա: Հաշվարարներն այցելելու են գյուղատնտեսությամբ զբաղվող իրավաբանական ու ֆիզիկական անձանց՝ լրացնելով հարցաթերթը։ Գյուղատնտեսական համատարած հաշվառումն իրենից ներկայացնում է գյուղատնտեսության կառուցվածքի վերաբերյալ համապարփակ, ամբողջական տեղեկատվության հավաքագրում, այդ թվում՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքների, մշակաբույսերի ցանքատարածքների, անասնագլխաքանակի, գյուղտեխնիկայի առկայության, քանակի, սարքինության, գյուղատնտեսական շենք-շինությունների վերաբերյալ տվյալներ և այլն։ Հաշվառման ժամանակ իրավաբանական և ֆիզիկական անձանցից հավաքված տվյալները, համապատասխան օրենքի համաձայն, գաղտնի են համարվում և հրապարակվում են միայն ընդհանրացված տեսքով։ Տեղեկացնենք, որ ՄԱԿ անդամ յուրաքանչյուր պետություն, ըստ կազմակերպության համապատասխան ուղեցույցների, առնվազն 10 տարին մեկ պետք է անցկացնի գյուղատնտեսական համատարած հաշվառում։ Հայաստանի Հանրապետությունում նախորդ նման համապետական միջոցառումն իրականացվել է 2014 թվականին։