0
ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԳՐԱԴԱՐԱՆԱՎԱՐԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Արդեն 10 տարի մեր երկրի տոնացույցում Հոկտեմբերի 7-ը նշվում է որպես Գրադարանավարի օր, որը ևս մեկ պատեհ առիթ է՝ կարևորելու և արժևորելու գրադարանավարի աշխատանքը: Հարգելի գրադարանավարներ Ընդունեք ջերմագին բարեմաղթանքներս ձեր մասնագիտական տոնի` Գրադարանավարի օրվա առթիվ: Բոլոր ժամանակներում ընդգծված է եղել մեր վերաբերմունքը գրքի ու գրականության հանդեպ: Ժամանակի ընթացքում փոխվել են շատ պահանջներ, գրադարանավարի գործի նկատմամբ էլ մեր մոտեցումները կրել են էական փոփոխություններ, սակայն գիրք ընթերցելու մշակույթը չի կորցրել իր գրավչությունն ու արժեքը: Կրթամշակութային գործընթացներում անփոխարինելի է եղել և մնում գրադարանավրի դերը, որն իր աշխատանքով գրքի զինանոցը պահում է ամուր և պահանջված: Այսօրվա գրադարաններն էլ ոչ միայն գրքի տուն ու պահոց են, այլ առաջին հերթին կրթական կենտրոններ, մշակութային ինքնատիպ միջավայր ձևավորող հարթակ: Սևան համայնքում գործող գրադարանները կատարել և կատարում են իրենց առաքելությունը, և հենց գրադարանավարների նվիրումի շնորհիվ է գրադարանը պահպանել իր լավագույն ավանդույթները: Սևան համայնքում իրենց գործի գիտակ, փորձառու մասնագետների պակաս չկա, որոնք իրենց աշխատանքի շնորհիվ գրադարանավարի մասնագիտությունը դարձրել են հարգանքի ու ակնածանքի արժանի: Սիրելի գրադարանավարներ Դուք գրադարանային գործի լավագույն ավանդույթների պահպանողն ու փոխարինողն եք, ձեզանից շատերն իրենց կյանքի զգալի մասը նվիրել են գրադարանային գործին` կատարելով իրենց պատվաբեր առաքելությունը, փոխանցելով ընթերցողներին ամենակարևորը` սերը գրքի նկատմամբ: Այսօր Սևան համայնքի գրադարանավարների գործունեությունը միավորվել է «Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի շրջանակներում, որտեղ բանիմաց մասնագետների ու նվիրյալների պակաս չկա: Մեր բարդ ժամանակներում, երբ պարտադրված ենք դիմակայելու մի շարք մարտահրավերների, կարծում եմ, որ գիրքն ու գրականությունը պետք է օգնեն և ուղղորդեն, որպեսզի մենք չկորցնենք հայրենապահպանման ու աշխարհաճանաչման իմացությունը: Գրադարանավարի օրն էլ պետք է դառնա գրքի տոնի ու ապագային միտված գրադարանի ստեղծման լավագույն հնարավորության: Հարգելի գրադարանավարներ, գրադարանային գործի նվիրյալներ Ընդունեք իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու շնորհավորանք-բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի առթիվ, ցանկանում եմ ձեզ բարեկեցություն և առողջություն, լավատեսություն և երկարակեցություն, խաղաղ երկնքի տակ ապրելու և անվտանգ, ապահով ու արժանապատիվ պայմաններում աշխատելու հնարավորություն: