» ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ. Սևանում տեղի ունեցավ «Ինքնազոհ հերոսներ» խորագրով հուշ-երեկո:

 
 
 

ՀԵՐՈՍԱՊԱՏՈՒՄ. Սևանում տեղի ունեցավ «Ինքնազոհ հերոսներ» խորագրով հուշ-երեկո:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 22-09-2024, 16:44, դիտել են` 25

0 Սեպտեմբերի 20-ին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպել էր «Ինքնազոհ հերոսներ» խորագրով հուշ-երեկո՝  նվիրված Արցախյան հերոսամարտերի բոլոր ժամանակների հերոսներին: Այս միջոցառումը կազմակերպվել էր «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսներ» բարեգործական ՀԿ-ի նախագահ, 44-օրյա պատերազմի մասնակից, պատերազմում երկու ձեռքերը կորցրած Վարազդատ Սանեյանի և իր ընկերների  նախաձեռնությամբ։ ՀՀ Անկախության նախատոնին Սևանի տարածաշրջանից բոլոր անմահ հերոսների ընտանիքները հրավիրվել  էին համայնքի մշակութային կենտրոնի դահլիճ ևս մեկ անգամ լսելու խոնարհման և շնորհակալանքի խոսքեր։ Միջոցառման ընթացքում անուն առ անուն հնչեցին Սևանի տարածաշրջանի Արցախյան առաջին պատերազմի 68 և 44-օրյա պատերազմի՝ 35 հայորդիների, զինծառայության ընթացքում դժբախտ պատահարների զոհերի անունները, հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին: Նրանց երազանքները կիսատ մնացին, բայց մենք մեր հոգու արցունքները սրբելով պարտավոր ենք ապրել, թեև նրանց կյանքի ու սխրանքի մասին սերունդներին պատմելու համար բավարար չեն լինի նույնիսկ կանգնեցված հուշարձաններն ու պանթեոնները։ Իսկ անհետ կորածների ու գերիների վերադարձին սպասում ենք սրտի տրոփյունով: Մենք պարտավորություն ունենք անմահացնել նրանց վառ հիշատակը՝ նրանց անունները դարձնելով հավերժություն, որի առջև անզոր կլինի նույնիսկ ամենազոր ժամանակը։ Միջոցառմանը ելույթով հանդես եկան ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ Վանիկ Հարությունյանը, Սևանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմենուհի Ղուկասյանը և այլոք: «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսներ» բարեգործական ՀԿ-ի կողմից շնորհակալագրեր և հուշանվերներ բաժանվեցին Սևանի տարածաշրջանից  Արցախյան պատերազմներում անմահացած տղաների հարազատներին: «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսներ» ՀԿ-ի կողմից շնորհակալագրեր հանձնվեցին նաև բոլոր այն կառույցներին և անհատներին, ովքեր գաղափարակիցը և աջակիցը դարձան այս միջոցառման և հետագա նախաձեռնությունների համար։ «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսներ» ՀԿ-ը նպատակն է օգնել պատերազմի մասնակիցներին, պատերազմում վիրավորված, հաշմանդամություն ձեռք բերած անձանց, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին՝ տրամադրելով սոցիալ-հոգեբանական, ֆինանսական աջակցություն: Կազմակերպությունը գործում է Գեղարքունիքի մարզում, այնուհետև իր գործունեությունը ծավալելու է հանրապետության մասշտաբով: Կազմակերպությանն անդամագրվել կամ աջակցել ցանկացողները կարող են դիմել «Հայրենիքի պաշտպանության ինքնազոհ հերոսների» բարեգործական ՀԿ. Հեռ. 098 044 174, 098 044 374

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: