» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-09-2024, 18:16, դիտել են` 20

0 ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի հայրենակիցներ
Շնորհավորում եմ բոլորիս մեր պետականության խորհրդանիշ Անկախության տոնի առթիվ: Անկախության գաղափարի կյանքի կոչման սկիզբը 1991 թվականն էր, որը պիտի շարունակվեր  ու շարունակվում է աշխարհում  մեր տեղն ունենալու ամենօրյա աշխատանքով ու պայքարով:   Անկախությանն «Այո» ասելով՝ հայ ժողովուրդը վերահաստատեց ազատ ապրելու իր դարավոր ու նվիրական երազանքը: Անկախության 33-ամյա ճանապարհն ամբողջանում է Հայոց բանակի ստեղծմամբ և կայացմամբ, պետականության կերտմամբ, հայորդիների հերոսացմամբ ու  ամենօրյա ստեղծագործ աշխատանքով, մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին նպաստող քայլերով, մեզ բաժին հասած փորձություններով ու մարտահրավերներով:  Անկախությունը դարձավ մեր` երազանքներից դեպի նպատակ տանող ճանապարհի ուղեկիցը:  Արցախյան հերոսամարտերն էլ   մեր գոյաբանական պայքարի, մեր լինելիության փորձաքարերն էին:  Անկախության ու պայքարի զոհասեղանին հայ ժողովրդի նվիրյալ զավակները  դրեցին ամենաթանկը` իրենց  կյանքը:     2020-ի 44-օրյա պատերազմի ընթացքում, և դրանից հետո էլ անկախության սերնդի մեր նվիրյալ զավակներն իրենց պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին, կենաց ու մահու կռիվ տվեցին` դառնալով մերօրյա հերոսներ: Ավաղ, մեր լավագույն տղաները բռնեցին հավերժի ճանապարհը` ապրողներիս տալով հայրենապաշտության դասեր ու պատգամելով` ունենալ ուժեղ ու հզոր հայրենիք: Փառք մեր հերոսներին, մեր խոնարհումը նրանց հիշատակի առջև:  Պետական համակարգի կայացումից մինչև տնտեսական բարեփոխումներ, կրթական, առողջապահական, սոցիալական ծրագրերից մինչև հոգևոր-մշակութային կյանքի զարթոնք, դիվանագիտական հարաբերություններից մինչև ազգային արժեքների վերագնահատում. սրանք անկախության ճանապարհի գումարելիներն են, որոնք պահանջում են մշտական աշխատանք ու  անմնացորդ նվիրում, որոնք հաճախ տրվում են մեծ դժվարությամբ: Վերջին տարիներին մեր ժողովուրդը կրկին անցնում է փորձությունների ու պայքարի ճանապարհով, պայքարում իր ինքնիշխան տարածքների և պետականության համար: Արտաքին ու ներքին մարտահրավերներին հակակշիռ՝ մենք ունենք հայրենիքը պահելու, այն շենացնելու  ու հզորացնելու համազգային ծրագիր, որը պահանջում է միասնականություն, նվիրյալ աշխատանք և համախմբում:    Հարգելի  հայրենակիցներ, Սևան համայնքի բնակիչներ Իմ, համայնքապետարանի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից ևս մեկ անգամ  շնորհավորում եմ նվիրական տոնի` Անկախության 33-րդ տարեդարձի առթիվ: Մաղթում եմ բոլորիս խաղաղ և անվտանգ կյանք, մեր երկրի տերը լինելու, նրա այսօրն ու վաղը կերտելու, մեր հայրենիքը շենացնելու, նրա սահմաններն անառիկ պահելու կամք և   վճռականություն, համազգային նպատակների իրականացում, բարեկեցություն, անվտանգ ու ապահով ապագա: Հավերժ փառք Անկախությունը նվաճած ու պահպանած մեր հերոսներին, մեր լուսավոր տղաներին, արժանի լինենք նրանց սուրբ գործին ու սխրանքներին:  Շնորհավոր Անկախության օր` մեր ինքնության, հավատի ու ապագայի ուղենիշ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: