0
Սևան համայնքը միանում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան: Սևանում մայիսի 27-ից մեկնարկել են ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա միջոցառումները: Մայիսի 27-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնում Սևանի մշակույթի կենտրոնի կար ու ձևի և ձեռագործության խմբի սաները ծանոթացան «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի այցելուների կենտրոնի նմուշներին, ծանոթացան Սևանի Գեղագիտության կենտրոնի սաների նկարչական ցուցահանդեսին, իսկ վերջում դիտեցին «Սիսակը, Միսակը ու կլիմայի փոփոխությունը» և «Սիսակն ու Միսակը շարունակում են հարմարվել կլիմայի փոփոխությանը» երկու մասից բաղկացած ֆիլմը: Մայիսի 30-ին Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված սպորտլանդիա: Մրցում էին «Արևներ» և «Զանգակներ» թիմերը: Մայիսի 31-ին էլ Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում կազմակերպվեց և անցկացվեց ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված թեմատիկ նկարչական աշխատանքների ցուցահանդես, որի ընթացքում ներկայացվեց նաև նախապես հայտարարված նկարչական աշխատանքների մրցույթին հայտ ներկայացված աշխատանքները: Արդեն չորս տարի Սևան համայնքը միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք»-ը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիր է, որի նպատակն է միավորել և աջակցություն տրամադրել Արևելյան գործընկերության երկրների տեղական ինքնակառավարման մարմիններին՝ կայուն էներգետիկ և կլիմայական զարգացման սկզբունքների վրա հիմնված քաղաքականության իրականացման նպատակով: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա (EU Sustainable Energy Week) շրջանակներում ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագիրը Հայաստանի համայնքների միության հետ համատեղ, հայտարարել է «Նվազագույն արտանետումներով էներգետիկ լուծումներ մրցունակ Հայաստանի համար» խորագրով նկարչական մրցույթ: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Սևան համայնքում միջոցառումները կաշունակվեն մինչը հունիսի 12-ը, կամփոփվեն լուսանկարչական և նկարչական աշխատանքների մրցույթները, կհրապարակվեն լավագույն աշխատանքները: