0
2024 թվականի մայիսի 24-րդ օրը, ինչպես ողջ հանրապետությունում, այնպես էլ Սևան համայնքի հանրակրթական հաստատություններում «Վերջին դաս» ու «Վերջին զանգ» ավանդական դարձած հանդիսությունները մեկտեղել են շրջանավարտներին, ուսուցիչներին, ծնողներին, մեծ ու փոքրին: Սևան համայնքի սիրելի շրջանավարտներ, Շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևորագույն իրադարձության առթիվ: Տոն դարձած օրը ձերն է, ու ձեզ այսօր ուղեկցում են հուզմունքն ու հիշողությունները, լավագույն ցանկություններն ու բարեմաղթանքները, հրաժեշտի ու «մնաս բարով»-ի խոսքերը: Օրը ձերն է, օրվա պարգևած հաճելի ու սպասված պահերը ձերն են, որոնք միավորել են դաս ու դասարանի, ընկերության, մանկության ու պատանեկության անկրկնելի տարիներն ու զգացողությունները: Այսօր ազդարարվում է ձեր մուտքը դեպի մեծ կյանք, իսկ վաղը յուրաքանչյուրդ անցնելու եք ձեր ընտրած ճանապարհով՝ ընդառաջ գնալով ձեր երազանքներին ու նպատակներին։ Համոզված եմ, որ ուսումնառության ընթացքում կուտակել եք անհրաժեշտ գիտելիքներ, ունեք բավարար հմտություններ ու կարողություններ՝ հաղթահարելու խոչընդոտները, արդեն հստակեցրել եք ձեր անելիքները և տարիներ անց ձեր ներդրումն եք ունենալու մեր երկրի ու համայնքի շենացման գործում: Գնահատեք այն, ինչ ունեք, ինչ ձեռք եք բերել ձեր հարազատ կրթօջախում ու վստահ առաջ գնացեք։ Սիրելի շրջանավարտներ Դուք դառնալու եք մեր սպասված հաղթանակների, հաջողությունների ու ձեռքբերումների արարողն ու կրողը։ Կյանքում ինչ էլ որ անեք, արեք սիրով ու նվիրումով, պարտքի մեծ զգացումով և պատասխանատվությամբ։ Ձեզանից շատերը շուտով կհամալրեն նաև Հայոց բանակի շարքերը: Ցանկանում եմ, որ պատվով կրեք նաև հայրենիքի պաշտպան դառնալու կոչումը և լինեք խաղաղ օրերի զինվոր: «Վերջին դաս»-ի առթիվ սիրով շնորհավորում և դիմում եմ Սևան համայնքի հիմնական դպրոցներն ավարտող իններորդցիներին, որոնց համար ազդարարվում է մի նոր մեկնարկի սկիզբ: Ցանկանում եմ, որ այդ մեկնարկը լինի գիտելիքաառատ, իմաստավորված և խաղաղ պայմաններում: Սիրով ու ակնածանքով ցանկանում եմ առանձնահատուկ դիմել մեր մանկավարժներին։ Հարգարժան մանկավարժներ, Դուք եք, որ հպարտացել ու ոգևորվել եք ձեր աշակերտների հաջողություններով ու ձեռքբերումներով, դարձել նրանց առաջին խորհրդատուն ու ընկերը, անցել նրանց հետ հետաքրքիր ճանապարհ, այդ ճանապարհին ներդրել եք ձեր ուժն ու եռանդը ու այսուհետ էլ հպարտանալու եք ձեր սաների հաջողություններով՝ շարունակելով ձեր առաքելությունը: Հարգելի ծնողներ, օրը նաև ձերն է, Ցանկանում եմ, որ միշտ հպարտանաք ձեր զավակների հաջողություններով, կիսում եմ ձեր հուզմունքն ու հպարտությունը, միանում ձեր զավակներին ուղղված բարեմաղթանքներին: Սիրելի շրջանավարտներ. Առջևում քննություններն են` ձեր հասունության և իմացության փորձաշրջանը: Ես հավատում եմ, որ տերը կլինեք ձեր երազանքների ու դրանք կյանքի կկոչեք` դառնալով մեր համայնքի և մեր պետության արժանի քաղաքացիները: Աշխարհում և մեր երկրում կատարվող փոփոխությունների վկան ու մասնակիցն եք դուք, մեր հայրենիքն ապրում է բարդ ժամանակաշրջան, քիչ չեն մարտահրավերները, ու ձեր ձեր ջանքի, մտքի, բազկի շնորհիվ կկարողանանք նվաճել խաղաղ, արժանապատիվ ապրելու իրավունքը կայացած ու հզոր երկրում: Թող ձեր նորամուտը բարի լինի մեծ կյանք, որտեղ յուրաքանչյուրդ ամրագրելու եք ձեր տեղը ձեր գիտելիքների, իմացության, հաստատակամության և նպատակասլացության շնորհիվ: Իմ պատանի բարեկամներ, Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ ձեզ, մաղթում բարձունքներ նվաճելու անսպառ եռանդ, կամք, նպատակասլացություն և վճռականություն, երջանկություն և անսպառ բարիք: «Վերջին դաս»-ի խորհուրդ-զանգ էլ թող ազդարարի լայնահուն ճանապարհի սկիզբը: Սիրելի շրջանավարտներ, Ցանկանում եմ ձեզ լուսավոր ապագա, հաջողություն ուսումնառության և աշխատանքային հետագա տարիների ընթացքում, ապրեք երիտասարդությանը հատուկ խանդավառությամբ` լի երազանքներով ու նպատակներով, զինվեք գիտելիքներով ու դարձեք մեր պետության ու երկրի արժանի քաղաքացիները: Բարի երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ: Ողջունում եմ ձեր նորամուտը մեծ կյանք: