» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁՆ ԸՆՏԱՆԻՔԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 15-05-2024, 16:27, դիտել են` 33

0 Սիրելի հայրենակիցներ Սևան համայնքի հարգելի բնակիչներ, Շնորհավորում եմ  բոլորիս  Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ Ընտանեկան արժեքներն ու ավանդույթները, ընտանեկան դաստիարակությունն ու փոխհարաբերությունները հասարակությունն առողջ ու ներդաշնակ դարձնելու  երաշխիքներն են, որին պետք է նպաստենք յուրաքանչյուրս։ Ընտանիքն է հասարակության հիմքը, որտեղ ձևավորվում է վաղվա քաղաքացին, որտեղ կամրջվում է սերունդների ճանապարհը, որտեղ ձևավորվում է ծնողների և զավակների, ավագների և կրտսերների հոգևոր կապը։   Ընտանիքների միջոցով և նրանց շնորհիվ է հասարակությունը դառնում ինքնաբավ և ուժեղ, դիմակայուն և կայացած, ընտանիքը արժեհամակարգ է, որտեղ ձևավորվող սերը, հավատարմությունը, նվիրումն օգնում են լինել առավել նպատակասլաց և ինքնավստահ։ Անկախ հոգեբանական, սոցիալական, ֆիզիկական դժվարություններից` մեր ընտանիքները կարողացել են ինքնակազմակերպվել, դառնալ առավել համերաշխ ու հանդուրժող։ Ցավոք, մեր ընտանիքների սրտի միջով անցել են մեզ պատուհասած դժբախտություններն ու պատերազմները` թողնելով իրենց անդառնալի հետքն ու կորստի մեծագույն ցավը: Զորակցությունս եմ հայտնում թանկ կորուստներ կրած մեր ընտանիքներին: Գիտեմ` դուք ապրում եք բարդ ու դժվարին ժամանակաշրջան, սակայն վստահ եղեք, որ պետությունն ու համայնքը ձեր կողքին են և միաժամանակ ոգեշնչվում են ձեր ներկայությամբ: Ես վստահ եմ, որ մեր համայնքի յուրաքանչյուր ընտանիքի շնորհիվ մենք կարող ենք վստահորեն առաջ գնալ, պահպանել մեր արժեքները՝ Սևանը դարձնելով օրինակելի ու ներկայանալի, ավանդույթներով հարուստ, որդեգրելով լավագույն նորը: Շնորհավորում եմ նորաստեղծ ընտանիքներին, որոնք նոր շնչառություն և գույն են հաղորդելու մեր համայնքին։ Սևան համանքի ընտանիքների կողքին այսօր բնակվում են արցախցի ընտանիքները, որոնք անցել են դժվարին ճանապարհ և իրենց հանգրվանը գտել են այստեղ։ Մեր հայրենակիցներին մաղթում եմ ոգու կորով, անսասան կամք, պահեք ու պահպանեք ձեր լավագույն ավանդույթներն ու ընտանեկան արժեքները, իսկ մենք կանենք հնարավորը, որ դուք ձեզ զգաք ապահով ու հարազատ միջավայրում, վերագտնեք ձեր հոգու խաղաղությունը։ Այս գեղեցիկ ու ջերմ տոնի առթիվ  շնորհավորում եմ մեր համայնքի բոլոր ընտանիքներին, իմ շնորհավորանք-բարեմաղթանքներին միանում են համայնքի ղեկավարի աշխատակազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները, համայնքի ավագանու անդամները: Ընտանիքի օր պետք է լինի յուրաքանչյուր օրը, և յուրաքանչյուրս պետք է ձգտենք պահել, պահպանել, ամրապնդել մեր ընտանիքները: Այսօր յուրաքանչյուր ընտանիք ունի առավել մեծ առաքելություն` իր կենսունակությամբ, ներդաշնակությամբ նպաստելու մեր համայնքի ու երկրի զարգացմանը` դառնալով ամուր հենարան, կրողը լավագույն արժեքների: Ցանկանում եմ, որ մեր ընտանիքներն ապրեն խաղաղ ու անվտանգ պայմաններում, մաղթում եմ սեր և միություն, առողջություն ու երջանկություն, մեր ծնողներին և զավակներին՝ ընտանեկան ջերմություն, ներդաշնակ, բարեկեցիկ և ապահով կյանք։  Աստված պահապան բոլոր ընտանիքներին:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: