0
Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, համայնքապետարանի աշխատակազմը, Սևանի հիմնարկ-ձեռնարկությունների, կազմակերպությունների, կրթօջախների ներկայացուցիչներ, սևանցիներ Սևանի քաղաքային պանթեոնում կատարեցին պսակադրման և ծաղկադրման արարողություն` հարգանքի տուրք մատուցելով բոլոր ժամանակների մեր հերոսներին: Հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Երիցյանը կատարեց խաղաղության համար զոհվածների հոգեհանգստյան կարգ: Մայիսի 9-ը նաև մեր հերոսների հիշատակի ու նրանց գործած սխրանքների առաջ խոնարհումի օր է: Հայ ժողովուրդը միշտ էլ հպարտացել է իր նախնիների հերոսությամբ ու գործած սխրանքներով, որոնք մոտեցրին այնքան թանկ խաղաղությունը: Թեև Սևան բազմաբնակավայր համայնքի՝ Մեծ հայրենականի մասնակիցներից ոչ ոք այլևս ողջ չէ, սակայն նրանց գործած սխրանքն ու հերոսացումը հավերժ են և պատգամում են սերունդներին՝ պայքարել հանուն հայրենիքի ու խաղաղության: Հայրենական մեծ պատերազմում հերոսացած մեր պապերի ու հայրերի ոգին էր, որ 1990-ականների սկզբներին երկրապահ կամավորականներին ոտքի հանեց և միասնաբար հաղթանակ տարանք Արցախյան առաջին պատերազմում: 2020-ի 44-օրյա պատերազմին մասնակցած մեր հերոսների արյան գնով դարձյալ ձեռք բերեցինք խաղաղություն, սակայն ցավով ու դառնությամբ ենք արձանագրում, որ կորցրեցինք Արցախը: Մայիսի 9-ին՝ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի կենտրոնի դիմաց անցկացվեցին մարզական ցուցադրական ելույթներ՝ թաեքվոնդոյի և բռնցքամարտի խմբակների սաների կատարմամբ: Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ կազմակերպվել էր դպրոցի սաների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցահանդես: Արվեստի դպրոցի սաներն իրենց պատկերացմամբ հանդիսատեսին էին ներկայացրել ազգային, հայրենասիրության, հաղթանակի մասին իրենց ձեռքի նկարչական և գոբելեն աշխատանքները: Սևանի Վ. Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարանում էլ Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ ձևավորվել էր ցուցադրություններ՝ նվիրված հայ ժողովրդի հերոս զավակներին, փաստավավերագրական և գեղարվեստական գրականության ներկայացմամբ: Սևան համայնքի բնակավայրերում ևս Մայիսի 9-ի առթիվ բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակիցներն իրենց հարգանքի տուրքն են մատուցել Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան հերոսամարտերում նահատակված հերոսների հիշատակին` կազմակերպելով պսակադրման և ծաղկադրման արարողություններ: