» Շուտով տեղի կունենա Սևանի նորաստեղծ տիկնիկային թատրոնի առաջնախաղը:

 
 
 

Շուտով տեղի կունենա Սևանի նորաստեղծ տիկնիկային թատրոնի առաջնախաղը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 18-04-2024, 13:51, դիտել են` 7

0 Խորհրդային տարիներին, որոշ ժամանակ էլ անկախության տարիներին, Սևան քաղաքում գործել է թատերական խմբակ և տիկնիկային թատրոն: Մշակույթի կենտրոնում բեմադրվել են բազում ներկայացումներ, որոնց մեծ սպասումով ու հաճույքով այցելում էին սևանցիները: Սակայն այն փակվեց և տարիներ շարունակ Սևանը չի ունեցել թատերական խմբակ: Եվ ահա «Սևան երիտասարդական ակումբ» ՀԿ-ի նախաձեռնությամբ, GIZ-ի ֆինանսավորմամբ, Սևանի համայնքային մշակութային կենտրոնի աշխատակիցների անմիջական մասնակցությամբ թատրոնի և թատերական արվեստի նկատմամբ սերն ու հետաքրքրությունը Սևանում դարձել է ծրագիր, որը մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերից։ Գաղափարի հեղինակն ու ռեժիսորը Հերմինե Անդրիկյանն է: Ներկայացման նկարիչը, քանդակագործն ու դեկորատորը ժողովրդական վարպետ Վիգեն Հակոբյանն է։ Ներկայացման երգերը հատուկ պատվիրված են, որոնք հեղինակել են կոմպոզիտոր Աննա Հակոբջանյանը, գրող Հրաչ Բեգլարյանը, գործիքավորող Վահան Նահապետյանը։ Դերասանական կազմում ընդգրկվել են ոչ միայն պրոֆեսիոնալ դերասաններ, այլև 12-20 տարեկան պատանիներ և երիտասարդներ։ Այս ծրագրի շրջանակներում նրանք սովորում են նաև նոր մասնագիտություն՝ տիկնիկագործություն և տիկնիկավարություն։ Տիկնիկների և դեկորների պատրաստման մեջ օգտագործվելու են թղթի, կտորի և պլաստիկի վերամշակումից ստացած նյութեր։ Ինչպես տեղեկացրեց տիկնիկային թատրոնի ղեկավար Հերմինե Անդրիկյանը, այս ներկայացմամբ կազդարարվի Սևան համայնքում տիկնիկային թատրոնի գործունեությունը, որը կունենա խաղացանկային ներկայացումներ: Թատրոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացվում են Սևանի համայնքապետարանի կողմից հատկացված տարածքում, որը դարձել է տիկնիկագործության արվեստանոց։ Տիկնիկային թատրոնի առաջնախաղին հետևելու են հյուրախաղերը. արդեն կան հրավերներ: Տիկնիկային թատրոն ունենալու երազանք-ցանկությունն այլևս իրողություն է, որը Սևանի համայնքային մշակութային կենտրոնի աշխատանքներին հաղորդելու է թարմություն, նոր շնչառություն, իսկ համայնքի մշակութային կյանքը դարձնելու է առավել բովանդակալից և բազմաշերտ: Շուտով տեղի կունենա Սևանի նորաստեղծ տիկնիկային թատրոնի՝ Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը» հեքիաթ-վիպակի հիման վրա բեմադրված առաջնախաղը, որով կտրվի նաև մշակութային կենտրոնի տիկնիկային թատրոնի գործունեության մեկնարկը։

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: