» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

 
 
 

ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ` ՄԱՐՏԻ 8-Ի ԱՌԹԻՎ

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 8-03-2024, 17:01, դիտել են` 54

0 Գարնանային սպասված ու գեղեցիկ տոնի՝ Կանանց միջազգային օրվա առթիվ սիրով շնորհավորում եմ կանանց, մայրերին, աղջիկներին և քույրերին: Բնությունը զարթոնք է ապրում, որի մեկնարկն ազդարարվում է տոնական տրամադրությամբ, մեր կողքին ապրող կանանց մեծարելու, նրանց դերը մեր հասարակության մեջ ևս մեկ անգամ կարևորելու և շեշտադրելու լավագույն հնարավորությամբ: Թանկագին կանայք, մայրեր, քույրեր և աղջիկներ Ձեր ստեղծագործ  միտքն ու հոգատար ձեռքն ամենուր են, դուք մեր կյանքին հաղորդում եք բովանդակություն և գույն՝ մեր իրականությունը դարձնելով ներդաշնակ և հավասարակշռված։ Այս դժվարին ժամանակներում էլ մեծ պատասխանատվությամբ ու պատվախնդրությամբ  դիմակայում եք մեր երկրի, համայնքի առջև ծառացած  մարտահրավերներին ու միաժամանակ հաջողությամբ  հաղթահարում դրանք: Մարտահրավերներն ու դժվարություններն ամենուր են, իսկ կանայք կրկին իրենց բարձրության վրա են, հավատարիմ իրենց առաքելությանը՝ ընտանիքում ու աշխատավայրում, մասնագիտական և հասարակական գործունեության մեջ: Սիրելի կանայք Դուք ընտանիքի հոգատար ու սիրագորով մայրեր եք, պատվարժան տանտիկիններ, նվիրված կանայք` երաշխավորը ձեր ընտանիքի ամրության ու պահպանության, ձեր զավակների դաստիարակության,  լիարժեք  քաղաքացիներ դարձնելու գործում: Այս տոնական պահին ցանկանում եմ առանձնակի շնորհավորել Հայոց բանակում իրենց պարտքը կատարող զինվորների մայրերին: Թող ձեր աչքերը միշտ ժպտան  երջանկությունից ու փայլեն հպարտությամբ` ձեր զավակների հաջողությունների և բարի լուրերի սպասմամբ: Ցանկանում եմ իմ երախտիքի ու խոնարհումի խոսքերը հղել այն կանանց, որոնք արցախյան հերոսամարտերում տվել են թանկագինը՝ իրենց զավակներին ու ամուսիններին։ 2023թվականի սեպտեմբերի 19-ից հետո Սևան համայնքը մեծագույն պատասխանատվությամբ ընդունեց ԼՂ-ից բռնի տեղահանված մեր կանանց ու աղջիկներին, մայրերին ու քույրերին, որոնցից շատերի համար Սևանը դարձել է  բնակավայր, որտեղ նրանք տեսնում են իրենց երեխաների ապագան, իսկ տեղական իշխանությունն էլ ակնկալում է նրանց ակտիվ և գործուն ներգրավվածությունը համայնքային կյանքի տարբեր ոլորտներում: Սիրով շնորհավորում եմ Սևանի բնակիչներ դարձած կանանց, մաղթում նրանց հոգու կորով, առողջություն, հավատ և վստահություն ապագայի նկատմամբ: Սևանը հպարտանում է համայնքում ապրող ու արարող կանանց հաջողություններով ու ձեռքբերումներով, գնահատում նվիրյալ աշխատանքը ու գործունեությունը, որի շնորհիվ մեր համայնքը դառնում է առավել ներկայանալի ու տեսանելի:  Սևան համայնքի  հարգարժան մայրեր ու կանայք, աղջիկներ և քույրեր Հրաշալի տոնի՝ Մարտի 8-ի առթիվ ընդունեք իմ, Սևան համայնքի ղեկավարի աշխատակազմի,  բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու  ամենաջերմ բարեմաղթանքներն ու շնորհավորանքները: Մաղթում եմ ձեզ լավատեսություն և բարեկեցություն, առողջություն և արևշատություն, թող ձեր կյանքը իմաստավորվի անձնական և աշխատանքային հաջողություններով, բարձր տրամադրությամբ և դրական զգացողություններով: Ցանկանում եմ ձեզ խաղաղություն, սեր և երջանկություն,  երբեք չկորցնեք ձեր հոգու և մտքի լույսը, եղեք առողջ ու կենսախինդ:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: