0
Փետրվարի 11-ից 13-ը Սևան բազմաբնակավայր համայնքում անցկացվեց «Լինենք առողջ» խորագիրը կրող «Գեղարքունյաց Ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումներ: Այն անցկացվում է ամեն տարի՝ բնակչության առօրյայում առողջ ապրելակերպի արմատավորման, համայնքներում ձմեռային մարզաձևերի և ազգային խաղերի մասսայականացման նպատակով։ Սևանում նախապես հայտարարված խաղամարզաձևերից անցկացվեցին անհատական և թիմային մրցումներ հրաձգություն, վոլեյբոլ, բասկետբոլ, պարանի ձգում, կշռաքարի բարձրացում, ազգային կոխ, ըմբշամարտ, նետում նշանակետին, Ձնեմարդի պատրաստում, ֆուտբոլ, բարձունքի գրավում խաղամարզաձևերով: Փետրվարի 11-ին սևանցի երիտասարդ լեռնագնացները «գրավեցին» Մեծեփի լեռնագագաթը և հայոց եռագույնը ծածանեցին Մեծեփ լեռնագագաթին: Փետրվարի 12-ին անցկացվեցին հրաձգության, վոլեյբոլի, բասկետբոլի մրցումներ: Մասնակցեցին Սևանի տարածաշրջանի կրթական ու մարզական օջախների սաներից բաղկացած թիմեր: Իսկ փետրվարի 13-ին մարզամշակութային միջոցառումները շարունակվեցին Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի հարակից տարածքում, որտեղ անցկացվեցին մրցումներ հետևյալ խաղամարզաձևերում՝ Պարանի ձգում /թիմերով/, 16կգ կշռաքարի բարձրացում /ազատ ոճով/, ազգային կոխ ըմբշամարտի անցկացում, ձնագնդիով նետում նշանակետին, ձնեմարդի պատրաստում, մինի ֆուտբոլ: Սևանի դպրոցներն ու մանկապարտեզները հանդես էին եկել Տեառնընդառաջին նվիրված ծիսական ավանդական տաղավարների ներկայացմամբ: «Գեղարքունյաց Ձմեռ-2024» մարզամշակութային միջոցառումները Սևանում եզրափակվեցին խարույկով, իսկ վերջում լավագույն մասնակիցները և հաստատությունները պարգևատրվեցին Սևան համայնքի ղեկավարի հավաստագրերով ու շնորհակալագրերով, ինչպես նաև միջոցառումներին աջակցելու և ակտիվ մասնակցության համար անհատներ և կազմակերպություններ արժանացան շնորհակալագրերի Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի կողմից: