0
Նախատեսվում է Սևանի մեծ զբոսայգու մեկ հեկտար տարածքի վրա ստեղծել պուրակ, որտեղ բնակիչները կանցկացնեն իրենց հանգիստը, կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ: Գաղափարը վաղուց է հասունացել: ««Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն դեռևս երկու տարի առաջ էր սկսել իրականացնել «Թող լինի այգի» ծրագիրը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են քննարկումներ համայնքի բնակիչների հետ, մասնագիտական հանդիպում-քննարկումներ ճարտարապետների հետ, պուրակի նախագծի ստեղծում, մեծ շաբաթօրյակ, ծառատունկ, ճեմուղու սալիկապատում, լուսավորության համակարգի ներդրում, նստարանների, արևային լույսերի, տեսախցիկների, խաղամիջոցների տեղադրում, թալանված, կոտրած ու կողոպտված «Ճայ» աղբամանի վերականգնում, ջրի բաքերի տեղադրում՝ ի վերջո ունենալ փոքր այգի-պուրակ իր աշխատակցով, մինչ կկառուցվի մեծ զբոսայգին: Սևանի համայնքապետարանը, որպես նախաձեռնության կողմ, իր կարևոր դերակատարումն ունի այս ծրագրում: Սա արդեն երրորդ հանդիպում-քննարկում է, որ անցկացնում են նախաձեռնության հեղինակները: Նախորդ հանդիպումներում ևս մասնակիցներին ներկայացվել է «Թող լինի այգի» ծրագրը: Ի՞նչ ենք ուզում տեսնել, ինչպե՞ս այգին դարձնել հանրային վայր. Այս և նման հարցեր են քննարկվել հանդիպումների ընթացքում սևանցիների հետ: Նախաձեռնության հեղինակները տեղեկացրին, որ կա նաև մեծ այգու հիմնական նախագիծ, որի մասին կխոսեն ծրագրի վերջնական հաստատվելուց հետո: Իսկ միչ այդ, այս ծրագրով առջևում դեռ շատ աշխատանք կա անելու: Փոքր այգի ունենալու համար անհրաժեշտ է, որ սրտացավ մարդիկ համախմբվեն ու թելադրեն գիտակցություն՝ երբեմնի մեծ զբոսայգուց, որպես երազանքի իրականություն, ունենալ Սևանում մի փոքր այգին: