» Սևանցի Նարեկ Սարգսյանը զոհվեց 2023թ-ի ապրիլին, Տեղ բնակավայրում, հայրենի հողը պաշտպանելիս:

 
 
 

Սևանցի Նարեկ Սարգսյանը զոհվեց 2023թ-ի ապրիլին, Տեղ բնակավայրում, հայրենի հողը պաշտպանելիս:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 28-01-2024, 12:03, դիտել են` 52

0 Հայոց բանակի կազմավորման օրվան ընդառաջ հունվարի 26-ին Սևանում տեղի ունեցավ «Վասն հայրենյաց, ի սարսափ թշնամուն» Հուշ-ցերեկույթ` նվիրված 2023թ-ի ապրիլի 11-ին թշնամու սադրանքի հետևանքով Սյունիքի մարզի Տեղ բնակավայրում զոհված սևանցի, հատուկ ջոկատային Նարեկ Գագիկի Սարգսյանի հիշատակին: Միջոցառումը կազմակերպել էին Սևանի համայնքապետարանը, Սևանի մշակութային կենտրոնը: Նարեկի ծնողներն ու հարազատները, Սևանի համայնքապետարանի, Սևանի զինկոմիսարիատի աշխատակիցները, Նարեկի ուսուցիչներն ու զինակից ընկերները նախ այցելեցին Նարեկ Սարգսյանի շիրմին, որտեղ տեղի ունեցավ հոգևոր օրհնության կարգ, այնուհետև ներկաները խնկարկեցին Նարեկի հիշատակը: 2023թ-ի ապրիլի 11-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները  կրակ էին բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող  ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների: Նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել էին ականանետային  միջոցներ: ՀՀ  ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկել էին անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Ադրբեջանական հարձակման հետևանքով, հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 6 վիրավոր: ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհվեցին հատուկ ջոկատայիններ Արթուր Ավետիսի Սահակյանը (ծնվ. 1999թ.), Մկրտիչ Արմենի Հարությունյանը (ծնվ. 1989թ.), Հենրիկ Վաչագանի Քոչարյանը (ծնվ. 1997թ.) և սևանցի Նարեկ Գագիկի Սարգսյանը (ծնվ. 1994թ.): Ընտանիքում երեք եղբայր են։ Նարեկը միջնեկն էր, ամուսնացած չէր։ Բավականին երկար ժամանակ էր ծառայում Հայոց բանակում, մասնակցել էր 2016-ի քառօրյա և 2020-ի 44-օրյա պատերազմներին: Մայրը՝ Արմինե Ղուկասյանը, մասնագիտությամբ ուսուցիչ է: Պատմում է, որ լինելով հատուկ ջոկատային, Նարեկը շատ բան չէր պատմում իր մասին, անձայն իր գործն էր անում: Նարեկ Սարգսյանը մարդկային բարձր որակներ ունեցող զինվորական էր, ընտանիքին, ընկերներին  ու հայրենիքին նվիրված երիտասարդ, ում 29 տարեկանը կլրանար հունիսին։ «Չնայած երիտասարդ տարիքին, Նարեկը կարողացել էր շատ բան անել մեր երկրի պաշտպանության համար։ 44-օրյա պատերազմից հետ շատերը գուցե որոշեցին թողնել ծառայությունը, հեռանալ, բայց ինքը որևէ վայրկյան չվարանեց, որ այս երկրին պետք է,  այս երկրի նվիրյալներից մեկն է»,- ասում էր մայրը՝ Արմինե Ղուկասյանը։ Միջոցառումը մեկնարկեց Սևանի կենտրոնական գրադարանից, որտեղ ձևավորվել էր  Նարեկ Սարգսյանի և իր նահատակված ընկերների հիշատակին նվիրված լուսանկարների և հուշերի անկյուն: Նարեկ Սարգսյանին նվիրված միջոցառումը շարունակվեց Սևանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում: Նարեկի անվանական եղևնին շուտով կտնկվի հատուկ տարածքում, որտեղ ձևավորվելու է «Վերածննդի պուրակ»՝ նվիրված Արցախյան պատերազմներում Սևան համայնքից իրենց կյանքը զոհած քաջերին: Մեր հավերժ զինվոր Նարեկ Սարգսյան, հայրենիքի մարտիկ, մենք՝ ապրողներս, խնկարկում ենք քո հիշատակը, խոնարհվում հիշատակիդ առաջ։ Հավերժ փառք մեր հերոսներին…

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: