0
«Հայոց բանակը նշում է կազմավորման 32-րդ տարեդարձը, և հունվարի 28-ի տոնացույցն ազդարարում է ՀՀ Զինված ուժերի կազմավորման օրվա մասին: Սիրելի հայրենակիցներ, Սևան համայնքի հարգելի բնակիչներ. Հայոց բանակը մեր պետականության կարևորագույն նվաճումն է և ստեղծվել է հայ ժողովրդի համար բախտորոշ ու ճակատագրական ժամանակաշրջանում, ստեղծվել է հազարավոր հայորդիների կամքի, անձնազոհության ու նվիրումի շնորհիվ, անցել է փորձություններով լի ճանապարհ, իր ուղին պսակել հաղթանակներով և սրբագործել հայորդիների հերոսացմամբ: Հայոց բանակն ազգային միասնականության խորհրդանիշն է, որը դարձել է պատասխանատու, հայրենասեր քաղաքացու դաստիարակման դարբնոց` իր շուրջը համախմբելով մեր հասարակության բոլոր շերտերին: Բանակը մեր ուժն է, մեր անցաթուղթը և լինելության վավերագրերից մեկը: Երեքտասնամյակից ավելի Հայոց բանակը դարձել է հայ քաղաքացու կյանքի անբաժանելի մասնիկը, մեր հպարտության և արժանապատվության երաշխավորը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմում էլ Հայոց բանակին զինվորագրված 18-20 տարեկան մեր տղաները հերոսացման իսկական օրինակներ ցույց տվեցին` առաջինն իրենց վրա վերցնելով պատերազմի ողջ ծանրությունը։ Սևան համայնքը 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո էլ թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով դեպի անմահություն է ճանապարհել իր հերոսներին, Հայոց բանակին հավերժ զինվորագրված մեր սուրբ նահատակներին` երդվելով` արժանի լինել նրանց, ստեղծել մեր տղաների երազած հզոր Հայաստանը: Բանակը կենդանի օրգանիզմ է` իր առանձնահատկություններով և պահանջներով, ու յուրաքանչյուր զինվոր ոչ միայն հայրենիքի պաշտպանն է, այլ, նախևառաջ, մեր բանակի կայացման, ամրապնդման երաշխավորը: Այս օրերին շարունակվում է ձմեռային զորակոչը, և սևանցիները բանակ են ճանապարհում իրենց տղաներին, ճանապարհում են` մաղթելով անփորձանք ու խաղաղ ծառայության, բարի վերադարձ: Հարգելի հայրենակիցներ. Իմ, համայնքի ղեկավարի աշխատակազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների և համայնքի ավագանու անունից շնորհավորում եմ բոլորիս այս նվիրական տոնի առթիվ: Հայոց բանակի կազմավորման 32-ամյակի առթիվ շնորհավորում եմ հայ զինվորին, նրան, որն օրեր առաջ է համալրել Հայոց բանակի շարքերը` իր հետ տանելով մեր բարեմաղթանքներն ու օրհնանքները, նրան, որն արդեն հաղթահարել է բանակային կյանքի բոլոր դժվարությունները և հպարտորեն է կրում իր կոչումը, նրանց, որոնք իրենց երկամյա ծառայությունը պատվով կատարած վերադարձել են կամ օրեր անց կվերադառնան տուն: Շնորհավորանքներս եմ հղում բանակաշինության պատասխանատու գործի ակունքներում կանգնած և Հայաստանի զինված ուժերում իրենց կենսագրությունը գրող անձանց, սպային ու հրամանատարին` մաղթելով խաղաղ ու անվտանգ ծառայություն: Շնորհավորում եմ զինվորների ծնողներին ու հարազատներին` մաղթելով համբերություն, հոգեկան խաղաղություն: Մեր պետությունը կանգնած է բարդ մարտահրավերների առջև, ու գերակա են անվտանգային հարցերը, որոնց ապահովումը հնարավոր է մարտունակ բանակ ունենալով: Վստահ եմ, որ միասնաբար ու համատեղ ուժերով մենք կարող ենք դիմակայել ցանկացած դժվարության` թիկունք կանգնելով Հայոց բանակին: Մեր պետականությունը պաշտպանելու հրամայականը պետք է դառնա յուրաքանչյուրիս հայրենանվեր աշխատանքի առանցքը, մեր համախմբումն ու միասնությունն էլ պետք է ուժ տան հայոց բանակին` այն դարձնելով առավել ուժեղ ու կայացած: Սիրելի հայրենակիցներ. Շնորհավորում եմ բոլորիս հայ ժողովրդի համար կարևորագույն այս տոնի կապակցությամբ: Իմ խոնարհումն եմ բերում հայրենիքին հավերժ զինվորագրված մեր հերոսների հիշատակի առաջ: Փառք Հայոց բանակին, փառք մեր զինվորներին, բանակաշինության նվիրյալներին»:-ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ: