0
2024 թվականի հունվարի 8-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել է շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը: Գեղարքունիքի մարզից նորակոչիկների հերթական խումբը ճանապարհվեց Հայոց բանակ: Հունվարի 10-ին ձմեռային զորակոչի հերթական փուլն անցկացվեց Սևան համայնքում: Զորակոչի արարողությանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետարանի, Սևան համայնքապտարանի, ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության (Զ և ԶՀԾ) Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Սևանի բաժանմունքի աշխատակիցներ, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատներ։ Նորակոչիկները հարազատների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ նորակոչիկների օրհնության կարգ Նորակոչիկներին նվերներ բաժանվեցին Սևանի համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից: Ներկաները շնորհավորեցին նորակոչիկներին և նրանց ծնողներին, բարեմաղթանքի խոսքեր հղեցին հայրենիքի պաշտպաններին: Սևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արթուր Մարգարյանը նվերներն հանձնելուն զուգահեռ սևանցի նորակոչիկներին անփորձանք ու խաղաղ ծառայություն և բարի վերադարձ: Օրվա առթիվ ուղերձ է հղել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը. «Մեկնարկել է 2024թ. ձմեռային զորակոչը, և դուք պատիվ ունեք համալրելու Հայոց բանակի զինվորների, մեր զինված ուժերի շարքերը: Հայ ժողովրդի և մեր պետության այս կարևորագույն ժամանակահատվածում ձեզ է վստահված հայրենիքի ու նրա սահմանների պաշտպանության կարևորագույն գործը: Դուք ձեր աչքի առաջ ունեք ձեր ավագ ընկերների սխրանքն ու հայրենասիրական լուսավոր օրինակները: Ձեզ համար պարտքի ու պատասխանատվության ստանձնման, հպարտության անկրկնելի պահ է: Դուք դառնալու եք մեր բանակի մի մասնիկը` այն հզորացնելով, ամրացնելով ձեր ներկայությամբ: Ես ցանկանում եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը, զինվորագրվելով մեր զինված ուժերին, քաջ գիտակցի իր դերը ու ծառայի հայրենիքի տերն ու պաշտպանը լինելու սկզբունքով: Իհարկե, ձեզ սպասվում են նաև դժվարություններ, փորձություններ, նոր մարտահրավերներ, բայց միևնույն ժամանակ դուք ստանձնում եք Հայոց բանակում ծառայելու պատիվը, և կարծում եմ` պատվով կհաղթահարեք ցանկացած դժվարություն: Դուք մեր համայնքի լավագույն երիտասարդներից եք, մենք հպարտությամբ ենք ձեզ ճանապարհում հայրենիքի պարտքը կատարելու, միաժամանակ կիսում ենք ձեր ծնողերի ու հարազատների հուզմունքն ու անհանգստությունը: Մենք հավատում ենք, որ ձեր երկամյա ծառայությունը լինելու է գերազանց, քանի որ մեր հայրենիքի անվտանգությունն ու ապահովությունն այսուհետ նաև ձեր ձեռքերում են: Հայրենիքի զինվոր լինելը մեծագույն պատիվ է, և այսօր այդ պատվին արժանանում եք նաև դուք: Սիրելի նորակոչիկներ Ձեզ մաղթում ենք խաղաղ ու անվտանգ, արժանապատիվ ու բարի ծառայություն, բազկի ուժ, մտքի զորություն, հայրենիքի զինվորին վայել պահվածք: Սևան համայնքը ճանապարհում է ձեզ մեծ հպարտությամբ և անհամբեր սպասելու է ձեր վերադարձին»,- ասված է ուղերձում: