0
Լույս է տեսել հասարակական գործիչ, իրավաբան, լրագրող, «Հայրեններ» շարքի հեղինակ, զոհված ազատամարտիկի որդի Մամիկոն Խուրշուդյանի «Հայրեններ 2» գիրքը, որտեղ հեղինակը պատմում է Արցախյան պատերազմում վիրավորված ու ոտքի կանգնած հերոս տղաների իրական պատմություններ: Դեկտեմբերի 15-ին Մամիկոն Խուրշուդյանը, գրքում զետեղված պատմությունների հերոսներից մի քանիսի հետ, որոնցից 2-ը սևանցի են, այցելեցին Սևանի Վահե Ստեփանյանի անվան կենտրոնական գրադարան և գրքի հեղինակի կողմից «Հայրեններ» և «Հայրեններ 2» գրքերը նվիրաբերվեցին գրադարանին: Գրքի իրական պատումները Արցախյան 44-օրյա պատերազմի և 2022 թվականի թշնամու կողմից սաձազերծված սեպտեմբերյան ագրեսիայի վիրավոր հերոս զինվորների մասին են, որոնց հետ հեղինակը ծանոթացել և վավերագրել է նրանց հերոսապատումները։ Հանդիպմանը ներկա էին գրքերի հերոս վիրավոր զինվորներից չորսը՝ սևանցիներ Լյովա Թադևոսյանը, Հենրիկ Եգորյանը, Արմավիրից՝ Գոռ Հովհաննիսյանը և Վեդիից՝ Աշոտ Մանուկյանը: Մամիկոն Խուրշուդյանը ներկաներին պատմեց գրքի հերոսների հոգեբանական ծանր ապրումների, ինչպես նաեւ այլ երկրներում ևս գրքի շնորհանդես կազմակերպելու մասին: Գլխավոր նպատակը մեր հերոսների իրական փաստերի վրա հիմնված պատմություններն են, որոնք ապագայում գալիք սերունդների համար կրթադաստիարակչական մեծ ներուժ կունենան-ընդգծեց գրքի հեղինակը: Հանդիպմանը եղան նաև գեղարվեստական ու պարային կատարումներ: «Հայրեններ» և «Հայրեններ 2» գրքերը անհերքելի փաստերով սերունդների համար մեծ ժառանգություն է: Այն պատմում է մեր տղաների պայքարի, ուժի, հավատի, մահվան դեմ կռիվ տվող նրանց չհանձնվող տեսակի, կյանքին առավել ամուր թելերով կառչելու եւ վերածնվելու մասին։