» Ծաղկունքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետը:

 
 
 

Ծաղկունքում շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետը:

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 25-11-2023, 14:22, դիտել են` 63

0 Սևան համայնքի Ծաղկունք բնակավայրում նոյեմբերի 20-ին շահագործման հանձնվեց հիմնանորոգված և կահավորված բուժկետի տարածքը, որի բացման արարողությանը մասնակցում էին «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի` Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության առողջապահության ոլորտի օպերատոր/վարչական հարցերով պատասխանատու Ժան-Կլոդ Ռոսսեն,  Սևան-Գրենոբլ համագործակցության պատասխանատու Նելլի Ստեփանյանը, Սևան համայնքի ղեկավարի օգնական Արման Հարությունյանը, Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Մինասյանը, Սևանի բժշկական կենտրոնի ներկայացուցիչներ, բուժկետի աշխատակիցներ, ծաղկունքցիներ: Բուժկետը, որն սպասարկում է Ծաղկունքի բնակչությանը, վաղուց կարիք ուներ հիմնովին վերանորոգման և կահավորման: Խնդրի վերաբերյալ ֆրանսիական կողմին ներկայացրել էր Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը դեռևս Սևան քաղաքի Գոմաձոր թաղամասի բուժկետի բացման ժամանակ և խոստացել, որ տարածքը կտրամադրվի Սևան համայնքի կողմից: Արձագանքը չուշացավ. այս աշխատանքները ներառվեցին «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի 2023թ. առաջնահերթություն պահանջող ծրագրերում, որն էլ արդեն իրողություն է և Սևան-Գրենոբլ համագործակցության հերթական արդյունքներից մեկը:-Ժան-Կլոդ Ռոսսե-«Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի վարչական հարցերով պատասխանատու-«Ուրախ եմ ներկա գտնվելու Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Ծաղկունքի բուժկետի բացմանը:  «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիան համարվում է առողջապահական ոլորտի օպերատորը: Շնորհավորում ենք բոլորին Ծաղկունքի բուժկետի վերանորոգման և արդեն շահագործման առիթով: Հաջորդ տարվա համար նախատեսում ենք վերանորոգել նաև այս բուժկետի սպասասրահը:  Շնորհակալություն Սևան համայնքին` ի դեմս համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի, Գրենոբլի քաղաքապետարանին, շինարարին արդյունավետ համագործակցության և ծրագրերին օժանդակելու համար»-Ժան-Կլոդ Ռոսսե: Լիովին հիմնանորոգված, կահավորված, ջեռուցվող բուժկետն այսուհետ իր այցելուներին կդիմավորի ներկայանալի պայմաններում, ժամանակակից պահանջներին համապատասխան` առաջին բուժօգնությունը դարձնելով հասանելի և հարմարավետ: Բուժկետը «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիայի կողմից ստացել է նաև առաջին օգնության համար անհրաժեշտ սարքավորումներ, տեխնիկական միջոցներ, իսկ Սևանի բժշկական կենտրոնի կողմից համալրվել է անհրաժեշտ գույքով: Հանդիսավոր բացման մասնակիցները շրջեցին բուժկետում, ծանոթացան պայմաններին, որին հաջորդեցին շնորհավորանքները և առաջիկա անելիքների վերաբերյալ ծրագրերի ուրվագծումը: Սևան համայնքի ղեկավարի օգնական Արման Հարությունյանը Համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի անունից շնորհակալություն հայտնեց «Բժշկական օգնություն եւ զարգացում» ասոցիացիային՝ հանձինս Ժան-Կլոդ Ռոսսեի, ծրագիրը կյանքի կոչելու համար: Ծաղկունք բնակավայրի վարչական ղեկավար Սասուն Մինասյանի խոսքով` Ծաղկունքի բուժկետի վերանորոգումը օրախնդիր էր ծաղկունքցիների համար: Բացման արարողությանը հայ և ֆրանսիացի մասնակիցների շրջայցը շարունակվեց Գեղամավանում, Գոմաձորի բուժկետում, Դդմաշենի բուժամբուլատորիայում, որտեղ էլ առաջիկա ծրագրերի վերաբերյալ ձեռք բերվեցին նախնական պայմանավորվածություններ: Սևան-Գրենոբլ ապակենտրոնացված համագործակցությունը հնարավորություն է ընձեռել համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում, բնակավայրերի բուժկետերում իրականացնել վերանորոգման, կահավորման, տեխնիկական վերազինման և մասնագիտական վերապատրաստման ծրագրեր:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: