0
Արդեն 17 տարի գործող «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ը ամեն տարի նախաձեռնում է շնորհակալական երեկո, որտեղ հրավիրվում են հոգաբարձուների խորհուրդը, բոլոր բարերարները և արժանանում են շնորհակալական, երախտիքի խոսքերի: «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ը գործունեություն է ծավալում Կոտայքի մարզում և Սևանի տարածաշրջանում: Կազմակերպությունն անցած տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր` օգնելով սոցիալապես անապահով, հատուկ կարիքներ ունեցող երեխաների ընտանիքներին, և հիմնադրամի աշխատակիցների կողքին են եղել մարդիկ, կառույցներ, որոնք նպաստել են երեխայակենտրոն ծրագրերի կյանքի կոչմանը: Նրանցից յուրաքանչյուրը տարվա ընթացքում ցուցաբերել է անհրաժեշտ օգնություն և աջակցություն, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել իրականացնել մի շարք ծրագրեր: Մեծարման երեկոյի հանդիսավոր միջոցառմանը մասնակցում էին հոգաբարձուների խորհրդի նախագահ Մովսես Մանուկյանը, խորհրդի մյուս անդամներն ու «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ին աջակցած անհատներ, տարբեր կառույցների և կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի գործադիր տնօրեն Կամո Առաքելյանը ներկայացրեց բարերարների նվիրավերություններով 2022-2023թթ իրականացված ծրագրերը և ունեցած ձեռքբերումները: Ապա շնորհակալություն հայտնեց ներկաներին իրենց վստահության, անշահախնդիր աջակցության և կյանքի դժվարին պայմաններում հայտնված մանուկներին սատարելու համար: Ողջույնի խոսքեր ասացին Տեր Համազասպ քահանա Գրիգորյանը, «Երեխաների աջակցության հիմնադրամ»-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մովսես Մանուկյանը, Ռայա Մանուկյանը, Կոտայքի մարզպետարանի ԸԿԵԻՊ բաժնի պետ Արտյուշ Պետրոսյանը, Հակոբ Ստեփանյանը և ուրիշներ: Հրաշալի կատարումներով հանդես եկան «Դո Մի Սոլ» մանկական խմբի սաները՝ գեղարվեստական ղեկավար Եվա Գևորգյան: Հրաշալի կատարումներ եղան երգիչ ու դուդուկահար Աշոտ և Արեն Եղիազարյանների կողմից: Սևան, Հրազդան, Ծաղկաձոր, Չարենցավան, Երևան քաղաքներից հիմնադրամի աջակիցներին հանձնվեցին շնորհակալագրեր: Միջոցառումը վարեցին Արևիկ Մկրտչյանը և Անուշ Առաքելյանը: Ողջ ընթացքում կազմակերպության աշխատակազմը և կամավորական կորպուսը շատ կազմակերպված իրականացնում էին աշխատանքները: Վերջում հյուրերը հրավիրվեցին հիմնադրամի «Հատուկ կարիքներ ունեցող երեխաների ցերեկային խնամքի և զարգացման կենտրոն»-ի սաների կողմից պատրաստված ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառքին: