0
Ջիլ տանող ճանապարհի աջակողմյան հատվածում՝ բարձունքին Աշոտի հայրը իր ընտանիքով որդու զոհվելուց հետո սկսեց կառուցել պուրակ և այն արդեն պատրաստ է՝ երեխաների համար խաղամիջոցներով, մեծ զրուցարանով, ցայտաղբյուրով և իհարկե Աշոտի անվան հուշախաչքարով: Հուշախաչքարի բացմանը ներկա էին Ջիլ գյուղի ողջ հասարակությունը, Ճամբարակ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ռոբերտ Օհանյանը, Ջիլի վարչական ղեկավար Միքաել Ղարիբյանը, Աշոտի ընկերները, մտերիմներն ու բոլոր հարազատները: Հուշախաչքարը օրհնեց Տեր Դանիել քահանա Մկրտչյանը: Ջիլի դպրոցի սաներն էլ ներկայացրին Աշոտի անցած ուղին, նրա կենսագրությունն ու փառքի ճամփան՝ հանդես գալով հայրենասիրական կատարումներով: Աշոտ Արզումանյանը ծնվել է 2001թ-ի մայիսի 25-ին Ջիլ գյուղում: 2007-2019 թթ-ին սովորել և ավարտել է Ջիլի միջնակարգ դպրոցը: 2019թ-ի ամռանը զորակոչվել Հայոց բանակ: Սկզբում ծառաել է Արմավիրի ուսումնական զորամասում, այնուհետև՝ որպես ՀՄՄ-1-ի մեխանիկ վարորդ, ծառայությունը շարունակել է Գորիսում: Ծառաել է Որոտանի զորամասում: Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգապահ և խելացի զինվոր, ինչի համար Աշոտի ծնողները հրամանատարության կողմից բազմաթիվ շնորհակալագրեր են ստացել ու հպարտացել իրենց զավակով: 2020թ-ի սեպտեմբերի 27-ին Աշոտը Ջրականի առաջնագծում էր, երբ սկսվեց պատերազմը: Հենց առաջին օրից ամենաթեժ դիրքերում զենքը ձեռքին իր ծառայակից ընկերների հետ մարտնչում էր թշնամու դեմ: Ընտանիքը հարազատ որդու նահատակության լուրը ստացել է հոկտեմբերի 2-ին: Հենց նույն օրը Աշոտը խոսել էր տանեցիների հետ: Հրետանավորները հավելյալ ուժերի օգնության կարիք ունեին: Աշոտն ու իր ընկերները հասնում են նրանց օգնելու, սակայն զոհվում են դաժան ու կատաղի կռվում: Երկար ամիսներ շարունակ ծնողները լուր չունեին Աշոտից, ինչպես նաև իր ընկերներից: Հարազատները հույսով ու աղոթքներով սպասում էին, որ հրաշքով Աշոտը մի օր կհայտնվի, ավախ, միայն չորս ամիս անց գտան Աշոտին անմահացած: Աշոտ Արզումանյանի մասունքները հանգչում են հայրենի Ջիլ գյուղում: Ջիլի միջնակարգ դպրոցի ռազմագիտության դասասենյակը կրում է Աշոտ Արզումանյանի անունը: Աշոտ Արզումանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով:
Աստված պահի հիշողներիս,
Շուտ հեռացա, անմահացա,
Որդի դարձա ժողովրդիս,
Տալով կյանքս՝ հավերժացա…