0
Սևան քաղաքում համայնքապետարանի շենքում տեղակայված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցելու նպատակով արդեն 4 օր գործող հումանիտար կենտրոնում մեր նկարահանման պահին էլ ընթանում էին ակտիվ աշխատանքներ: Սևանի համայնքապետարանը սեպտեմբերի 25-ից անցել էր աշխատանքային արտակարգ ռեժիմի: Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնք տեղափոխված ընտանիքներին ընդունելու, հաշվառելու, ներուժը գույքագրելու, կեցության, սննդի, հագուստի, դեղորայքի և այլ առաջին անհրաժեշտության պարագաների ապահովման և այլ խնդիրներին լուծումներ տալու նպատակով ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ղեկավարի կարգադրությամբ ստեղծվել է աշխատանքային հանձնախումբ: Արդեն կատարվել է աշխատանքների և գործառույթների հստակեցում, տրվել են կոնկրետ հանձնարարականներ: Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարները տեղերում համակարգում են աշխատանքները, կազմակերպում մեր հայրենակիցների կեցության հարցերը: Սևանի համայնքապետարանը համագործակցում է համապատասխան կազմակերպությունների և կառույցների հետ, միաժամանակ մշակում է առկա տվյալները: