0
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանը հանրաքվեով դուրս եկավ Խորհրդային Միության կազմից ու դարձավ անկախ պետություն: Բնակչության բացարձակ մեծամասնությունն «այո» ասաց ազատ ու անկախ ապրելու իր իրավունքին: Սեպտեմբերի 21-ի` Անկախության օրվա առթիվ Սևանի համայնքապետարանի աշխատակազմը, վարչական ղեկավարներ և համայնքի ավագանու անդամներ` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի գլխավորությամբ այցելեցին Սևանի քաղաքային պանթեոն, որտեղ հանգչում են Արցախյան պատերազմներում զոհված ազատամարտիները և կատարեցին պսակադրում, ծաղիկներ խոնարհելով ի հիշատակ արցախյան հերոսամարտերում նահատակված հերոս տղաների: Միասնության երթին մասնակցեցին և պանթեոն այցելեցին նաև Սևանի հիմնարկ-ձեռնարկությունների, կրթական ու մշակութային օջախների աշակերտներ աշխատանքային կոլեկտիվներ, դպրոցականներ և անհատներ: Ծաղկադրման արարողակարգեր են տեղի ունեցել նաև Սևան համայնքի բնակավայրերում, որով հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Անկախության համար նահատակված մեր հերոսների հիշատակին: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայով և առկա լարված իրավիճակով պայմանավորված Սևանի համայնքապետարանը սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգային ծրագրերը չեղարկել էր: Անկախության օրվա առթիվ նախօրեին Սևան համայնքի արտադպրոցական ուսումնական հաստատություններում Անկախության օրվա առթիվ կազմակերպվել են ցուցադրություններ և ցուցահանդեսներ: Սևանի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգի կենտրոնական գրադարանում կազմակերպվել է «Փառավոր ուղի քեզ, դարերից հառնած և վերածնված պետական անկախություն» խորագրով ցուցահանդես, որը ճանաչողական է և ամփոփ ներկայացնում է անկախության ճանապարհը փաստավավերագրական և գեղարվեստական գրականության միջոցով։ Նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցահանդես է կազմակերպվել նաև Սևանի Հովհ. Այվազովսկու անվան արվեստի դպրոցում՝ «Անկախության մեր ուղին» խորագրով: Ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները դպրոցի սաների ձեռքի ու մտքի, երևակայության արդյունքն էին` պատկերների ու գույների միահյուսմամբ: