0
Արշավին մասնակցեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Լուսինե Վարդանյանը, մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի սպորտի վարչության գլխավոր մասնագետ Համբարձում Սաֆարյանը, առողջապահության նախարարության, Սևանի համայնքապետարանի, քաղաքացիական հասարակության, կրթամշակութային հաստատությունների աշխատակիցներ, անհատ քաղաքացիներ։ Մասնակիցները Սևանի Չարենց փողոցով անցան առողջ ապրելակերպը քարոզող պաստառներով և հասան մինչև Իզերի հրապարակ: Փյունիկ խաչքարի տարածքում անցկացվեց միջոցառումների շարք: Դպրոցները տաղավարներում ներկայացրել էին առողջ ապրելակերպի թեմայով ուտեստներ, իսկ մասնակից կազմակերպությունները՝ առողջության պահպանման իրենց առաքելությունը: Միջոցառման մասնակիցներին ողջունեցին ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանը, Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, Սևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի համակարգող Անահիտ Հովհաննիսյանը և ուրիշներ: Փյունիկ Խաչքարի մոտ՝ Իզերի հրապարակում միջոցառումները մեկնարկեցին միասնության շուրջպարով Սևանի մշակութային կենտրոնի պարային խմբերի կատարմամբ, որին միացան նաև բոլոր մասնակիցները: Հանդիսությունների շարքը ուղեկցվեց գեղարվեստական համարներով, հյուրասիրությամբ, սպորտային խաղերի, առողջ սննդի պատրաստման, ակնաբույժի, էնդոկրինոլոգի, ատամնաբույժի, զարկերակային ճնշման, շաքարային դիաբեթի, հոգեկան առողջության մասնագետների խորհրդատվությամբ։ Դպրոցականները առանձին տաղավարներում ներկայացրին առողջ բաղադրատոմսերով պատրաստված սնունդ, դպրոցների միջև անցկացվեց սպորտլանդիա, անցկացվեցին առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքի խաղեր, ավանդական խաղեր, ներկայացվեց նաև հոգեկան առողջության տաղավարը։ Առողջապահության նախարարությունը իրազեկման արշավներով նպատակ ունի հանրայնացնել առողջ ապրելու կանոնները։ Քայլերթը նպատակ ունի տեղեկացնել մարդկանց առողջ ապրելակերպի մասին, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։ «Առողջ ապրելակերպի» հանրային իրազեկման հանրապետական արշավն իրականացվում է ՀՀ Առողջապահության Նախարարության կողմից, որին միացել են «Պարենի Համաշխարհային ծրագիրը», «Կարմիր Խաչի Հայկական ընկերությունը», «Ալֆա Քեյր» բերանի խոռոչի խնամքի պարագաներ, «Ալֆա ստոմ» ստոմոտոլոգիական կլինիկան, «Դի Դի Սի» ախտորոշման կենտրոնը։