0
Համայնքի ավագանու քննարկմանը ներկայացվեցին Սևան համայնքի 2023թ. բյուջեի 1-ին կիսամյակի կատարման մասին հաղորդագրությունը, 2023թ. բյուջեում փոփոխություններ կատարելու մասին հարցը: Սևան համայնքի 2023թ.-ի առաջին կիսամյակի բյուջեի եկամուտների /վարչական և ֆոնդային բյուջեները միասին/ պլանը կատարվել է 101.8%-ով: 1147.5մլն. դրամ պլանային եկամուտների դիմաց հավաքագրած և պետական բյուջեից հատկացված դոտացիան կազմել է 1.168.3 մլն. դրամ, գերակատարումը կազմել է 20.8 մլն. դրամ, այդ թվում` վարչական բյուջեի գծով առկա է 44.1 մլն. դրամ եկամուտների գերակատարում, ֆոնդային բյուջեի գծով թերակատարումը կազմել է 23.2 մլն. դրամ: 2023թ.-ի համայնքի առաջին կիսամյակի բյուջեի վարչական մասը կատարվել 106.0%-ով / պլան` 734.7 մլն. դրամ, փաստացի` 778.8 մլն. դրամ/: Վարչական բյուջեում սեփական եկամուտները կատարվել են 118.9 %-ով / պլան` 232.9 մլն. դրամ, փաստացի` 276.9 մլն. դրամ/: Գերակատարումը կազմել է 44.0 մլն դրամ կամ 18.9 %: Մեկ այլ որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն տվեց համայնքի հողային հաշվեկշռին: Նիստի ընթացքում սահմանվեցին Սևան համայնքում գտնվող սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների տեղակայմանը /հեռավորությանը/ ներկայացվող պահանջները: «Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի կողմից Ծովագյուղ բնակավայրում իրականացվում է «Մասնագիտական ուսումնացուցադրական կենտրոնի ստեղծում» ծրագիրը, որի շրջանակներում ներդրումներ են կատարել ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանատունը, ՄԱԶԾ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը, համաֆինանսավորող կողմ է նաև Սևան համայնքը: Որպես Սևան համայնքային ներդրում` ավագնին թույլատրեց Սևան համայնքի բյուջեից 15.087.099 դրամ փոխանցելու Տարածքային զարգացման և հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ին` համաձայն Սևանի համայնքապետարանի և ՀԿ-ի միջև ստորագրված դրամաշնորհի պայմանագրի: Ավագանին համաձայնություն տվեց ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված, Սևան համայնքի կողմից 2024թվականի համար ներկայացվող սուբվենցիոն հայտերին: Հայտերի ներակայացումից առաջ կհրավիրվի հանրային լսում, որի ընթացքում կներկայացվեն առաջարկվող հայտերը, ինչպես նաև կդիտարկվեն ներկայացվող առաջարկները: Համայնքի ավագանին համապատասխան որոշումներով հաստատվեցին Սևան համայնքի փողոցների անվանումները, Սևան համայնքում աղբահանության կազմակերպման կարգը, նվազագույն ժամանակացույցը, սխեման, Սևան համայնքի բնակավայրերի աղբահանության և սանիտարական մաքրման կանոնակարգումը, համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքերին վերաբերող, համայնքի կողմից համապատասխան տարածք տրամադրելու հարցերը: Նիստի քննարկմանը ներկայացված դիմումները ևս ստացան սպառիչ պատասխաններ` համապատասխան որոշումներով: Սևան համայնքի ավագանու 4-րդ նստաշրջանի 2-րդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին: Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ամփոփելով նիստը, մեկ անգամ ևս կարևորեց այն աշխատանքը, որն իրականացվում է համայնքում, համայնքային բյուջեի կատարողականի վերաբերյալ կատարել դիտարկումներ, նշեց, որ առկա գումարները տնօրինվում են խնայողաբար և ուղղվում են կապիտալ ծրագրերի իրականացմանը: