0
Օգոստոսի 12-ը Երիտասարդության միջազգային օրն է: Սևանում օրվան նվիրված կազմակերպվել են մի շարք միջոցառումներ: Սևան խոշորացված համայնքում հեծանվային սպորտի ու առողջ ապրելակերպի մասսայականացման, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի քարոզչության ապահովման և հեծանվային սպորտի դերի բարձրացման նպատակով արդեն երրորդ տարին է ինչ անցկացվում է հեծանվային մրցաշար: Մրցելույթներըշն անցկացվեցին տարբեր տարիքային խմբերով՝ մինչև 10 տարեկան երեխաներ, 11-16 տարեկան պատանիներ, 17-ից բարձր երիտասարդներ, աղջիկների խումբ: Մրցաշարն անցկացվեց Սևան քաղաքի Սայաթ-Նովա փողոցում՝ Մշակույթի կենտրոնի դիմաց: Սիրողական հեծանվասպորտի բաց մրցաշարին լավագույն արդյունք ցուցաբերածները պարգևատրվեցին գավաթներով, պատվոգրերով, մեդալներով և նվերներով: Նույն օրը Սևանի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի ճեմասրահում տեղի ունեցավ երիտասարդ կանանց և աղջիկների նկարչական և ձեռքի աշխատանքների ցուցահանդես, որն ուղեկցվեց Սևանի մշակութային կենտրոնի խմբերի համերգային ծրագրով: «Նկուղ» երիտասարդների համախմբման, մտքերի գրոհի ու դրանց իրագործման հարթակում տեղի է ունեցել նաև կլոր-սեղան քննարկում` «Երիտասարդների աշխատանքային հնարավորությունները փոքր համայնքներում» թեմայով: Այն ևս նվիրված էր Երիտասարդության միջազգային օրվան: Օրվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվեցին ողջ օրվա ընթացքում: Երիտասարդության միջազգային օրվան նվիրված միջոցառումները մեկնարկել էին դեռևս օգոստոսի 10-ից՝ Սևանի Վահե Ստեփանյանի անվան գրադարանից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում սևանցի երիտասարդ ստեղծագործողների հետ: Երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն է միտված Երիտասարդների միջազգային օրը, որը նշվում է ամեն տարի օգոստոսի 12-ին։ Այն հաստատվել է ՄԱԿ-ի կողմից և առաջին անգամ նշվել է 2000 թվականի օգոստոսի 12-ին։ Երիտասարդության միջազգային օրվա նպատակն է հիշեցնել աշխարհի զարգացման և կառուցման գործում երիտասարդների դերի, ինչպես նաև նրանց առջև ծառացած ամենօրյա խնդիրների մասին: