0
Այս տարի` դեռևս ապրիլ ամսին Սևան քաղաքում միմյանց են հաջորդել փողոցների փոսային, մասնակի նորոգման աշխատանքները: Սևան քաղաքում նախատեսված «Սևան համայնքի Նաիրյան փողոցի և Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագիրը, որը ներառում է Նաիրյան-Սայաթ-Նովա փողոցների խաչմերուկից Զ. Անդրանիկի հրապարակի տարածքը, մեկնարկել է հուլիս ամսին: Ճանապարհի հիշյալ տարածքը ներառում է 7696քմ: Ծրագրի պայմանագրային արժեքը 66մլն. 960 հա. դրամ է, որի 40%-ը համայնքային ներդրում է, իսկ 60%-ը՝ կառավարության: Ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել իրականացնելու չնախատեսված մի շարք աշխատանքներ, որը կատարվում է համայնքային բյուջեի միջոցներով: Կապալառու կազմակերպության` «Ճան Շին» ՍՊԸ-ի աշխատակիցների կողմից արդեն իրականացվել է հիմնանորոգման աշխատանքների շուրջ 85%--ը: Աշխատանքները ներառում են ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, բացակայող եզրաքարերի հատվածում գրունտի քանդում, խարխլված բազալտե եզրաքարերի ապամոնտաժում, դիտահորերի և անձրևընդունիչների հավաքովի ե/բ ծածկի սալի ապամոնտաժում, ապամոնտաժված բազալտե եզրաքարերի տեղադրում բետոնե հիմքերի վրա, դիտահորերի և անձրևընդունիչների պատերի բարձրացում, անձրևընդունիչների ավելացում, ասֆալտբետոնե ծածկույթի կառուցում, անցումների, երթևեկելի մասերի գծանշում, ասֆալտբետոնե արգելակիչների տեղադրում, ճանապարհային նշանների տեղադրում և այլ աշխատանքներ: Սուբվենցիոն այս ծրագրին զուգահեռ օրեր առաջ մեկնարկել է նաև «Սևան համայնքի Գագարին, Զովաբեր, Գեղամավան, Չկալովկա, Նորաշեն, Ծովագյուղ, Ծաղկունք, Դդմաշեն բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» սուբվենցիոն ծրագրի 1-ին փուլը, որի մեկնարկը տրվել է Ծովագյուղ բնակավայրից: