0
Հուլիսի 1-10-ը Մոլդովայում կայացավ ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությանը, որին մասնակցում էր նաև Սևան համայնքի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտիկ, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի սան Ալինա Սուքիասյանը: Սևանցի ծանրամարտիկին ընդունելության էր հրավիրել Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը: Ընդունելությանը մասնակցում էին Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, մարզիչ Գառնիկ Աբրահամյանը, համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչները: Ողջունելով ներկաներին` Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը նախ` շնորհակալություն հայտնեց Սևան բրոնզե մեդալ բերած Ալինային, նրա մարզչին, ապա` շնորհավորեց սևանցիներին մարզական նշանակալի հաղթանակի առթիվ: Մարզիչ Գառնիկ Աբրահամյանը, ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանը դրվագներ ներկայացրին առաջնությունից, նշեցին, որ մոտ է եղել երկրորդ մրցանակը, սակայն այս անգամ մարզական բախտը ժպտացել է Ռումինիայի ներկայացուցչին: Սևանի Ն․ Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի ծանրամարտի խմբի սան Ալինա Սուքիասյանի և մյուս խոստումնալից մարզիկների մասին խոսելիս մարզիչ Գառնիկ Աբրահամյանը մեկ տարի առաջ վստահեցնում էր, որ Ալինայի լավագույն արդյունքները դեռ առջևում են, իսկ Սևան համայնքը շատ առիթներ է ունենալու հպարտության պահեր ապրելու իր լավագույն մարզիկների շնորհիվ։ Ալինա Սուքիասյանի մեկը մյուսին հաջորդող մրցելույթները և գրանցած արդյունքները եկան վավերացնելու մարզչի կանխատեսումները, որոնցից վերջինը օրեր առաջ էր: Ալինա Սուքիասյանը պոկում վարժության 85 կգ, հրում վարժության 100 կգ և երկամարտի 185 կգ արդյունքով դարձավ Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող Ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնության բրոնզե մեդալակիր։ Այս օրերին Ալինան մարզվում է, պատրաստվում երիտասարդների առաջնությանը, որը կայանալու է Ռումինիայում: Սևանի Ն. Դագարյանի անվանան մանկապատանեկան մարզադպրոցի սան Ալինա Արթուրի Սուքիասյանը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում անցկացված ծանրամարտի Եվրոպայի պատանիների առաջնությանը լավագույնս մասնակցության, գրանցված հաջողությունների և բրոնզե մեդալ նվաճելու համար արժանացավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի պատվոգրին, իսկ Սևանի Ն. Դագարյանի անվանան մանկապատանեկան մարզադպրոցի մարզիչ Գառնիկ Աբրահամյանը Սևան համայնքում ծանրամարտ մարզաձևի զարգացման, մարզչական արդյունավետ, լավագույն աշխատանքի և գրանցված հաջողությունների համար արժանացավ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի շնորհակալագրին: Հիշեցնենք, որ հուլիսի 1-10-ը Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտված ծանրամարտի Եվրոպայի Մ15 և Մ17 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ երկամարտում նվաճելով 5 ոսկե, 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: