0
Հայաստանի բնակավայրերում տարեկան առաջանում է շուրջ 690 հազար տոննա կոշտ կենցաղային աղբ: Գոյացող աղբի մեծ մասը հեռացվում է շուրջ 300 աղբանոցներ: Երկրի մի քանի բնակավայրերում մասնակի ներդրվել են թափոնների տեսակավորման համակարգեր: Սակայն դրանց շնորհիվ հավաքվում է երկրում վերամշակվող ապակե, թղթե, պլաստիկ և մետաղյա թափոնների ոչ ավելի քան 5%-ը: Դրանց հիմնական մասը՝ մոտ 95%, տեսակավորվում է հենց աղբանոցներում՝ ոչ ֆորմալ խմբերի կողմից: Արդյունքում առաջ է գալիս մի շարք խնդիրներ ներառյալ՝ անկառավարելի հրդեհներ, մթնոլորտային արտանետումներ և համայնքի ֆինանսական կորուստներ: Աղբահանության խնդիրները բազմազան են Հայաստանի տարբեր բնակավայրերում: Սևան համայնքը բացառություն չէ, ներկա դրությամբ համայնքում կան աղբահանության հետ կապված մի շարք խնդիրներ՝ • Գոյացող թափոնների մի մասը հայտնվում է բնական միջավայրում, մասնավորապես Սևանա լճում, • Չեն գործում վերահսկողության և տուգանքի մեխանիզմներ հանրային վայրերում աղտոտելու համար, • Արժեք ունեցող վերամշակման ենթակա թափոնները հեռացվում են աղբավայրեր: Սևան քաղաքում կոշտ կենցաղային թափոնների տեսակավորման համակարգի ներդրումը կբերի մի շարք դրական փոփոխությունների, մասնավորապես՝ • Սևան քաղաքում թափոնների կառավարման ավելի արդիական համակարգ և մատչելի ենթակառուցվածքներ, • Համայնքում ավելի բարեկարգ միջավայր թե քաղաքացիների և թե քաղաք այցելող զբոսաշրջիկների համար, • Սևանա լճի և շրջակա միջավայրի աղտոտվածության նվազեցում, • Հավելյալ եկամուտ, որը կուղղվի համայնքի բարեկարգմանը, • Ավելի իրազեկ բնակչություն Ծրագրի շրջանակներում Սևան քաղաքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, ներառյալ՝ • Թափոնների տեսակավորման մասին հանրային իրազեկման արշավներ և միջոցառումներ, • Սևանի համայնքապետարանի աշխատակիցների կարողությունների, բարձրացում, այդ թվում՝ թափոնների տեսակավորման ոլորտում իրավունքահեն մոտեցումների վերաբերյալ իրազեկում, • Թափոնների տեսակավորման ուղեցույցների մշակում, • Սևան քաղաքում տեսակավորման թափոնամանների տեղադրում, • Հատուկ աղբատար մեքենաների տրամադրում: Ծրագրի հաջող իրականացման համար կարևոր է Սևանի բնակիչների աջակցությունը: Ծրագիրն իրականացնում է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնը՝ Շվեդիայի ֆինանսավորմամբ, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Սևանի համայնքապետարանի հետ համատեղ։