0
Հունիսի 28-ին Սևան համայնքում մեկնարկեց 2023թ. ամառային առաջին զորակոչը: Աշխույժ ու մարդաշատ էր զինկոմիսարիատի վարչական շենքի հարակից տարածքը: Սևանցիները` մեծ ու փոքր, Հայոց բանակ էին ճանապարհում իրենց որդիներին, որոնք օրեր անց համալրելու են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի շարքերը: Հուզմունքն ու հպարտությունը միախառնվել էին բարեմաղթանքի, «բարի ճանապարհ»-ի խոսքերին: ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժնմունքում հաշվառված նորակոչիկները Սևան քաղաքից և հարակից բնակավայրերից էին, անցնում են բժշկական զննություն, վերջին փաստաթղթային գործողություններն են իրականացվում: Հայոց բանակին զինվորագրվող տղաներն առավել լավ են պատկերացնում իրենց առաքելությունը: Ավագ ընկերների օրինակին ու պատգամներին հավատարիմ` Սևան համայնքի նորակոչիկները գնում են կատարելու իրենց պարտքը հայրենիքին: Սևանի զինկոմիսարիատից նորակոչիկները` Սևան համայնքի ղեկավարի 1-ին տեղակալ Արթուր Մարգարյանի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանի, համայնքապետարանի, մարզպետարանի ներկայացուցիչների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզի տարածքային ստորաբաժանման Սևանի բաժանմունքի պետ, ՔԾ 2-րդ դասի խորհրդական Նաիրի Խաչատրյանի, տարածքային ստորաբաժանման Սևանի բաժանմունքի աշխատակիցների, սևանցիների ուղեկցությամբ այցելեցին Սևանի Սրբոց Հրեշատակապետաց եկեղեցի, որտեղ տեղի ունեցավ նորակոչիկների օրհնության կարգ: Մինչ հրաժեշտը, Սևանի համայնքապետարանի և Սևանի վետերան ոստիկանների միության կողմից նորակոչիկներին հանձնվեցին նվերներ: Հունիսյան հերթական օրը Սևան համայնքում մի այլ խորհուրդ ուներ, իսկ օրվա «հերոսներին» էլ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ճանապարհեց ուղերձով: Բարի մաղթանքներին միախառնվել էին խորհուրդներն ու հորդորները, որոնք Հայոց բանակը համալրող մեր տղաների համար դառնալու են պատգամ ու զորավիգ իրենց երկամյա ծառայության ընթացքում: Սևանը բանակ ճանապարհեց իր զավակներին, ճանապարհեց օրհնանքներով ու բարեմաղթանքներով: