0
Սևանը միանում է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան: ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվան նվիրված միջոցառումները Սևան համայնքում շարունակվում են: Սևանի թիվ 2 «Զարթոնք» մսուր-մանկապարտեզում կազմակերպվել էր վիկտորինա և միջոցառում էներգախնայողության և բնության պահպանության թեմաների շուրջ: Մանկապարտեզի ավագ խմբի սաները կարևորեցին արևի դերը բնության մեջ: Երեխաները կարևորեցին բնությունը պահպանելու ու պաշտպանելու գաղափարը, իսկ խաղերի ու դիդակտիկ նյութերի միջոցով կատարեցին եզրահանգումներ` ինչն է կարևոր բնությունը մաքուր ու կանաչ պահելու համար: Էկոլոգիական պարապմունքը տեղափոխվեց աշխատանքային կենտրոններ, որտեղ ըստ նախասիրությունների երեխաները կանաչ աշխարհի և մաքուր միջավայրի գաղափարն ամրապնդեցին: Նույն օրը Սևանի հեծանվային ակումբի հեծանվորդները իրականացրեցին բնապահպանական խորագրով հեծանվային արշավ: Մեկնարկը տրվեց Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից: Երթուղին ընդգրկում է Սևան /ներառյալ` Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերը/-Լճաշեն-Գագարին-Գեղամավան-Ծաղկունք-Վարսեր բնակավայրերը: Բնակավայրերով անցնելիս հեծանվորդները տեղեկատվական թերթիկներ բաժանեցին անցորդներին: Արդեն ավանդական դարձած ԵՄ Կայուն էներգիայի շաբաթն (EU Sustainable Energy Week) այս տարի անցկացվում է հունիսի 20-ից մինչև 22-ը՝ «Մաքուր էներգիային անցման արագացում՝ ծախսերի նվազեցման և հմտությունների զարգացման նպատակով» խորագրի ներքո: Սևան համայնքն արդեն 3-րդ տարին է, ինչ միանում է Կայուն էներգիայի շաբաթվան` ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի ներքո: