0
Հունիսի 14-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավագանու 3-րդ նստաշրջանի 5-րդ նիստը: Նախքան օրակարգային հարցերին անցնելը Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը խոսեց խնդիներից և սպասվելիք ու արդեն մեկնարկած ծրագրերից: Սևան քաղաքի հեղեղատարների և կոյուղատարների խցանումները վերացնելու ուղղությամբ տարվում են աշխատանքներ: Հայտնի են սուբվենցիոն ծրագրերի կապալառու կազմակերպությունները և շուտով կսկսվեն նախորդ և այս տարվա սուբվենցիոն ծրագրերի շինարարական աշխատանքները, մեկնարկել են Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքի կառուցման հողային աշխատանքները, իսկ Սևանի 2018թ-ին կառուցված ֆուտբոլի մարզադաշտը կտրվի անհատույց օգտագործման «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբին: Ավագանու որոշմամբ սահմանվեց Սևան համայնքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացման թույլատրելի վայրերը, պահանջները և պայմանները: Հրավառություն թույլատրվում է անցկացնել միայն Սևան համայնքի բնակավայրերի հրապարակներում, զբոսայգիներում և հարակից տարածքներում, որտեղ չպետք է լինեն ծառեր, էլեկտրահաղորդման լարեր, այլ օդային արգելքներ, հրավառության իրագործման վայրի չափերը պետք է համապատասխանեն հրագործական նյութերի կամ արտադրանքի վրա նշված վտանգավոր տարածքի մաքսիմալ չափերին, տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելը պահանջում է հատուկ գիտելիքներ և հմտություն, կատարողների (օգտագործողների) համապատասխան որակավորում և տեխնիկական սարքավորումների «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի «Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառությունների չափորոշիչները սահմանելու մասին» N 845-Ն որոշմամբ սահմանված չափորոշիչների ապահովում։ Չի թույլատրվում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության իրականացումը ուժեղ քամու և անձրևի պայմաններում։ Չի թույլատրվում հրագործական նյութերի (արտադրանքի) օգտագործումը 18 տարեկանը չլրացած անձանց կողմից։ Չի թույլատրվում ծխել հրագործական նյութերի (արտադրանքի) մոտ։ Տեխնիկական և հատուկ նշանակության հրավառության թույլատրելի ժամ է սահմանվում ժամը 9:00-ից մինչև ժամը 23։00-ն։ Սույն կանոնների խախտումն առաջացնում է պատասխանատվություն` «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով: Այս իրավական ակտի ընդունմամբ Սևան համայնքը ունեցավ ոլորտը կարգավորող նորմատիվ ակտ: Ավագանու որոշմամբ փոխվեցին Լճաշեն և Ծաղկունք գյուղական բնակավայրերում գտնվող որոշ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունը, ըստ որի «Գրին Սոլուշնս» ընկերությունը Լճաշենում կառուցելու է ջերմատուն, իսկ «Լուսավան-Կենտրոն» ընկերությունը Ծաղկունքում կառուցելու է գյուղ. արտադրության շինություն: Սոցիալական, առողջապահական և շրջակա միջավայրի պահպանության հարցերի Սևան համայնքի ավագանու մշտական հանձնաժողովի անհատական կազմում կատարվեց փոփոխություն՝ Արմենուհի Նադարյանի փոխարեն այսուհետ այդ հանձնաժողովի «Հանրապետություն» խմբակցության անդամն է Գայանե Շուշանյանը: Սևան համայնքի ավագանին որոշեց Սևան քաղաքում գործող ֆուտբոլի դաշտը անհատույց օգտագործման տրամադրել «Անդրանիկ» ֆուտբոլային ակումբին՝ ֆուտբոլի դաշտի օգտագործման, պահպանման, մանկապատանեկան ֆուտբոլային խմբերի մարզման, մրցաշարերի նախապատրաստման, մասնակցության նպատակով: Գեղամավան բնակավայրի տարածքում գտնվող 750 քմ մակերեսով հողատարածքը Սևան համայնքի ավագանու որոշմամբ նվիրաբերվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեին «Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր 2-րդ փուլ» ծրագրի շրջանակներում Գագարին բնակավայրի ջրամատակարարման համակարգի բարելավման նպատակով նախատեսվող 500.0 մետր/խորանարդ նոր օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) կառուցելու համար: Նիստում ներառված մի քանի հարցեր, պայմանավորված լրացուցիչ քննարկման և ուսումնասիրման անհրաժեշտությամբ, տեղափոխվեցին հաջորդ նիստ: Այդ հարցերը կքննարկվեն հանձնաժողովներում, որից հետո կրկին կներառվեն օրակարգ: Սևան համայնքի ավագանին նիստի վերջում քննարկեց քաղաքացիներից ու կազմակերպություններից ստացված դիմումները:Այս նիստով Սևան համայնքի ավագանին ավարտեց երրորդ նստաշրջանի աշխատանքները: Սևան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբեր ամսին: