0
Մայիսի 29-ին Գոմաձորի միջնակարգ դպրոց այցելեց Հայաստանի հավաքականի անփոխարինելի ու սիրված դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նրան ուղեկցում էին Ռոման Բերեզովսկու եղբայրը՝ «Բարիության ճանապարհ» ՀԿ նախագահ, Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախկին նախագահ Ալեքսանդր Բերեզովսկին, Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Վիկտորիա Դերեպասկան, կենտրոնի աշխատակիցներ: Հյուրերին դիմավորեցին դպրոցի տնօրեն Էդիկ Գևորգյանը, մանկավարժական և աշակերտական կոլեկտիվները, Սևանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի աշխատակիցներ: Դպրոցում տեղի ունեցավ հանդիպում հյուրերի հետ: Աշակերտներն ունեցան հնարավորություն ուղղելու իրենց հարցերը սիրված դարպասապահ Ռոման Բերեզովսկուն: Լավագույն հարցերի համար երեխաները նվերներ ստացան Ռոման Բերեզովսկու և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի կողմից: Ալեքսանդր Բերեզովսկին նշեց, որ անցյալ տարվանից Հայաստանի սահմանամերձ 3 մարզում՝ Տավուշում, Վայոց Ձորում և Սյունիքում դպրոցական ոչ պրոֆեսիոնալ թիմերի միջև անցկացրել են Ռոման Բերեզովսկու մրցաշար և նախատեսում են նման մրցաշար անցկացնել նաև Գեղարքունիքիում: Կազմակերպիչը հենց Բերեզովսկին է՝ ՀՖՖ-ի ու «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի համատեղ աջակցությամբ: Երեխաներն ու դպրոցի մանկավարժները հնարավորություն ունեցան լուսանկարվել հայտնի և սիրված դարպասապահ Ռոման Բերեզովսկու հետ: Իսկ դպրոցին կից ֆուտբոլի փոքրիկ մարզադաշտում երեխաները Ռոման Բերեզովսկու հետ անցկացրին մարզումներ: Սևանի Գոմաձոր թաղամասի N6 միջնակարգ դպրոցը երկար ժամանակ է, ինչ համագործակցում է Հայաստանում «Ռուսական Տուն»՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» հետ, որի ներկայացուցիչները ճանաչողական այցով անցյալ տարի եղան դպրոցում, հանդիպեցին նաև Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ, որտեղ քննարկվել են համագործակցային հեռանկարներն ու ուղղությունները: Գոմաձորի դպրոցում գործում է ռուսական կենտրոն: Հայաստանում «Ռուսական Տուն»՝ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» կողմից դպրոցին աջակցություն է տրամադրվել մեթոդապես և տարբեր ծրագրերով: