0
Պատերազմը խլեց ամեն ինչ, սեպտեմբերի 27-ի չարագուշակ առավոտը տակնուվրա արեց մեր երազանքներն ու մեր երիտասարդ տղաներին տարավ մեզնից։ Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում անմահացավ նաև սևանցի Սարգիս Գևորգյանը։ Մայիսի 24-ին Սարգիս Արայիկի Գևորգյանը կդառնար 23 տարեկան: Հարազատներն ու ընկերներ, հարազատ դպրոցի ուսուցիչներն այցելեցին նրա շիրիմին: Սարգիսը ծնվել է 2000թ-ի մայիսի 24-ին Սևան քաղաքում։ Սվորոել Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցում։ 2015-2018թթ սովորել Սևանի պետական քոլեջում, այնուհետև ընդունվել էր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։ Մեկ տարի սովորելուց հետո՝ կրթությունը կիսատ թողնելով՝ 2019 թվականին զորակոչվել էր բանակ։ Ծառայության էր անցել Ջրականում (Մեխակավան):Պատերազմի 1-ին իսկ օրվանից մասնակցել է պատերազմական գործողություններին: Սարգիսը Զոհվեց 2020-ի հոկտեմբերի 30-ին անօդաչու թռչող սարքի հարվածից` Ճարտարի Սոս գյուղը պաշտպանելիս: Շատ ընկերասեր, հումորով, միշտ ժպիտով երիտասարդ էր։ Իր հնարավորության սահմաններում բոլորին պատրաստ էր օգնել։ Շփվում էր և՛ մեծերի, և՛ փոքրերի, և՛ իր հասակակիցների հետ։ Շատ նպատակներ ուներ Սարգիսը։ Ընտանիքի անդամներն էլ հույսով ու հավատով սպասում էին նրան։ Ուներ սիրած աղջիկ։ Ցանկանում էր ծառայությունից հետո ուսումը շարունակել և ամուսնանալ։ Հոկտեմբերի 28-ին զանգել էր, խոսել տանեցիների հետ։ Հոկտեմբերի 29-ին ամբողջ օրը չէր զանգեկ։ Հարազատները մտածել էինք գուցե վիրավոր է, հույսով փնտրում էին, որ կգտնենք, թեկուզ վիրավոր։ Այդ վերջին խոսակցության ժամանակ Սարգիսն ասել էր, որ շատ է կարոտել, ուզում է գալ։ Պատերազմը վերջանա, գա ուսումը շարունակի։ Այդպես սպասումով էլ մնացին: Օր ու գիշեր փնտրտուքներից 28 օր հետո հարազատները գտան Սարգսին՝ անմահացած: Դու քո կյանքով պատգամեցիր ապրողներիս՝ պահել ու պաշտպանել հայրենիքը, դու մահով մեզ փոխանցեցիր քո ուժն ու կամքը, քո անկոտրում հավատը։ Քո ու ընկերներիդ անպարտելի կերպարներով պետք է հզորանանք ու ձեր պատգամով շարունակենք ապրել երկնքից նայող ձեր հայացքների ներքո։ Հավերժ փառք քեզ, հայրենիքի պաշտպան, ննջիր խաղաղությամբ, մեր անմահ հերոս Սարգիս Գևորգյան։