» Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ապրիլի 21-ին ընդունել է Գրենոբլի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

 
 
 

Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ապրիլի 21-ին ընդունել է Գրենոբլի փոխքաղաքապետի գլխավորած պատվիրակությանը

Հեղինակ` SevanTV1 ամսաթիվ` 21-04-2023, 21:12, դիտել են` 62

0 Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ապրիլի 21-ին ընդունել է Հայաստան ժամանած, Սևանի քույր քաղաք Գրենոբլի 
միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզի գլխավորած պատվիրակությանը
, որի կազմում էին Գրենոբլի քաղաքապետարանի ապակենտրոնացված համագործակցության հարցերով տնօրեն Ֆրանսուազ 
Նատյուրելը, Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան նախագահ Դանիել Մարանջյանը, «Օվերն-Ռոն-Ալպ» հայկական 
ֆեդերացիայի նախագահ, հայկական համայնքի ներկայացուցիչ Գրեգուար Ատամյանը, Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի
 տան փոխնախագահ Ժենյա Հակոբյանը և հաղորդակցության և մշակութային հարցերի պատասխանատու Վարսիկ Սարգսյանը։
 Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն հայտնեց պատվիրակության 
ներկայացուցիչներին՝ կատարված և նախատեսվող ծրագրերի համար, միաժամանակ կարևորեց Սևան-Գրենոբլ բազմամյա 
համագործակցությունը, որը եղել է արդյունավետ և տեսանելի այս տարիների ընթացքում։ 
 «Մեր բազմաոլորտ համագործակցությունը, որն արդեն 19-ամյա պատմություն ունի, գնահատում եմ բարձր ու կայացած: 
Երկու քաղաքների համագործակցությանը միտված ծրագրերն ի սկզբանե ունեցել են կոնկրետ նպատակներ` աջակցել 
տնտեսության զարգացմանը` արժևորելով տեղական ռեսուրսները, մասնավորապես` զբոսաշրջությունը, նպաստել 
հասարակական-մշակութային կյանքի զարգացմանը` խթանելով արտաքին աշխարհի նկատմամբ բաց լինելը, բարելավել 
տեղական հանրային ծառայությունները` առողջապահությունը, հայ իրականության մեջ ներմուծել ֆրանկոֆոն մշակութային 
արժեքները, ինչպես նաև վերականգնվող էներգետիկայի ոլորտում գրանցել էական տեղաշարժեր։ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 
տիկին Անն Լույոյի հետ հանդիպման ժամանկ նշել եմ և հիմա էլ շեշտում եմ, որ մեր երկու քաղաքների համագործակցությունը 
բարձր հիմքերի վրա է։ Կարևորում եմ Գրենոբլի գործընկերների ջանքերը՝ ի դեմս քաղաքապետ Էրիկ Պիոլի»,- ասաց Սարգիս 
Մուրադյանը:
 Գրենոբլի միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզն իր հերթին, 
Սարգիս Մուրադյանին փոխանցելով Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի ջերմ ողջույնները, նշեց, որ շատ ուրախ է, որ դարձյալ 
գտնվում է Հայաստանում, մասնավորապես Սևանում: Սևանի հետ կապված գրանցվել են լուրջ հաջողություններ ու 
ձեռքբերումներ: Ամրագրված բոլոր ուղղություններով կատարված աշխատանքը տեսանելի է, ինչը վկայում է երկու 
քույր-քաղաքների փոխշահավետ համագործակցության մասին,-հավելեց փոխքաղաքապետը։ 
 Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան նախագահ Դանիել Մարանջյանը նշեց, որ իրենց համար կարևորն ազգային 
շահն է և երկուստեք համագործակցությամբ ստեղծված «Արև» ծրագիրը, որը նպատակ ունի վերապատրաստել Սևանի 
բազմագործառութային քոլեջի աշակերտներին և ապագա դասընթացավարներին, նոր տեխնոլոգիաներ բերել հայրենիք, 
հատկապես էլեկտրական անվտանգության, արևային էներգիայի, ռոբոտաշինության և հիդրոէլեկտրականության ոլորտներում։ 
Արդյունքում՝ քոլեջն ունենալու է ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխանող տեխնիկա։ 
 «Օվերն-Ռոն-Ալպ» հայկական ֆեդերացիայի նախագահ, Գրենոբլում հայկական համայնքի ներկայացուցիչ Գրեգուար 
Ատամյանը կարևորեց վերկանգնվող էներգետիկայի ոլորտում իրականացվող աշխատանքները, նշեց, որ ծրագրի շրջանակներում 
համագործակցում են այնպիսի գործընկերների հետ, որոնք մեծ օգուտ են տալիս ընդհանուր գործին: Գրեգուար Ատամյանը 
շեշտեց, որ Սևանի բազմագործառութային քոլեջում ստեղծված «Տեխնոլոգիական կրթության և ուսուցման կենտրոն»-ը 
հագեցած է տեխնոլոգիական ուսուցման համար անհրաժեշտ սարքավորումներով, հիմնված է էլեկտրատեխնիկայի, 
էներգետիկայի և արդյունաբերության ավտոմատացման վրա, որոնք էլ իրենց հերթին նպաստում են ռոբոտատեխնիկայի 
զարգացմանն ու կադրերի պատրաստմանը: Գրեգուար Ատամյանը հավելեց, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, 
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությյունների և «Օվերն-Ռոն-Ալպ» հայկական ֆեդերացիայի (ՖԱԱՌԱԼՊ) 
միջև այս տարի կնքված փոխըմբռնման հուշագրի և համագործակցության արդյունքում, «Սևանի բազմագործառութային 
պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի բազայի վրա ստեղծվել է տեխնոլոգիական ուսուցման կենտրոն (ՏՈՒԿ), որը կարևոր քայլերից է 
կրթական համակարգի զարգացման համար:
 Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ այս հանդիպումը ևս մեկ ազդակ է, որ նույն 
հարթակի վրա պետք չէ մնալ, անհրաժեշտ է առաջ շարժվել, որդեգրել նոր մոտեցումներ` հիմնված համագործակցային նոր 
չափանիշների վրա` ի շահ հայ-ֆրանսիացի ժողովուրդների բարեկամության, ի բարօրություն Սևան և Գրենոբլ քաղաքների 
բնակիչների:
 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր ևս։
Արդեն 19 տարի Սևանն ու Գրենոբլը համագործակցում են առողջապահության, ֆրանկոֆոնիայի, տուրիզմի, մշակույթի, 
այլընտրանքային էներգիայի ավտոմատացված համակարգերի ոլորտում և մեծ հաջողություններ են գրանցել այս տարիների 
ընթացքում: Երկու քաղաքների միջև շուրջ երկու տասնամյա համագործակցության արդյունքում բազմաթիվ ծրագրեր են 
իրագործվել:
 
 Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հետ հանդիպումից հետո, նույն օրը փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզի 
գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց: Նրանց 
ուղեկցում էր Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Սևանի մարզադպրոցի տնօրեն Գարիկ 
Ավետիսյանը հյուրերին ծանոթացրեց մարզդպրոցում գործող սպորտային խմբակներին, ներկայացրեց նաև մարզադպրոցի 
ձեռքբերումներն ու լավագույն սաներին, ովքեր մրցանակներ են շահել վերջին ամիսների ընթացքում:
 Այնուհետև Գենոբլից ժամանած հյուրերը դիտեցին Նվիրյալներ ռազմամարզական հասարակական կազմակերպության, 
մարզադպրոցի թաեքվոնդոի խմբակի սաների ելույթները և մեծ բավականություն ստացան:
 Հյուրերին սպասվում էր անակնկալ: Հայաստանի պաուերլիֆթինգի չեմպիոն, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանեց նոր 
ռեկորդ՝ բարձրացնելով սկզբում 320 կգ, այնուհետև 350 կգ ծանրաձող և իր հաղթանակած մրցելույթը նվիրեց ի պատիվ 
Գրենոբլից ժամանած պատվիրակությանը:
Գրենոբլի փոխքաղաքապետը նշեց, որ շուտով մարզադպրոցի սաները հնարավորություն կունենան ճանաչողական այցով լինել
Գրենոբլում:

 Գրենոբլի պատվիրակությունը ապրիլի 23-ին կլինի «Սևանի բազմագործառութային պետական քոլեջ» -ի բազայի վրա 
ստեղծված տեխնոլոգիական ուսուցման կենտրոնում: 
Գրենոբլի փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզը ապրիլի 24-ին Սևան համայնքի ղեկավարի հետ կմասնակցի Սևանում 
Մեծ Եղեռնի 108-րդ տարելիցին նվիրված համաքաղաքային երթին, որը կմեկնարկի ժամը 10:00-ից, Սևանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի հարակից տարածքից, և Սևանի Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող 
հուշախաչքարի մոտ՝ պսակադրման, ծաղկադրման արարողությանը:

Խումբ` ---

Հարգելի այցելու, դեւք մտել եք կայք առանց գրանցվել:
Մենք խորհուրդ ենք տալիս Ձեզ գրանցվել կամ մտնել Ձեր մուտքանունով: