0
Մարտի 25-ին Սևանի բիզնես կենտրոնում տեղի ունեցավ առաջին համասևանյան «Տուրիստական խաչմերուկ» համաժողովը: Տուրիզմի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչները հանդիպեցին միմյանց հետ: Նախաձեռնության հեղինակը «Սևան» երիտասարդական ակումբ» ՀԿ-ն էր: Սևանի տարածաշրջանում զբոսաշրջային վիճակագրության մասին տվյալներ ներկայացրեց Սևանի համայնքապետարանի Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Դավիթ Թորոսյանը: Զբոսաշրջային ցանցի կարևորության և հնարավորությունների մասին խոսեց Horizon Travel Tour Operator-ի հիմնադիր Անի Շալջյանը: Լրագրող, բլոգգեր,զբոսաշրջային փորձագետ, lil.am զբոսաշրջային հարթակի հիմնադիր Լիլիթ Խաչատրյանը խոսեց տուրիզմում մեդիայի նշանակության մասին և թե ինչ գործիքներով ու ինչ «մեսիջներով» է անհրաժեշտ շփվել մեդիայի հետ: Համաժողովի երկրորդ մասում սպասվում էր թեմատիկ աշխատարաններում ոլորտային քննարկումներ 5 թեմաներով՝ Արշավներ, քաղաքային տուրեր, տուրիզմի կրթական մոդուլներ, զբոսաշրջային ժամանց և մեդիա գործիքներ:: Վերջում ամփոփվեցին աշխատարանների քննարկման արդյունքները: Ներկաների կողմից շրջանառվեցին նոր գաղափարներ ու դրանց իրականացման հնարավոր ուղիներ: Որոշում կայացվեց ստեղծել շփման օն-լայն հարթակ՝ միմյանց հետ կապը պահելու և կարևոր զբոսաշրջային տեղեկատվությամբ կիսվելու համար: