0
«Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը հուլիսի 1-ից կազմակերպում է ուսումնամարզական ճամբար Սևանա լճի ափին: Սևանա լճի ափին կազմակերպված ճամբարում այս օրերին ուսումնամարզական վարժանքներ են անցկացնում շուրջ 850 նվիրյալներ Հայաստանի տարբեր մարզերից: Ուսումնամարզական ճամաբարի առօրեան հագեցած է: Երեխաներն այստեղ սովորում և տիրապետում են ռազմական արվեստին, միաժամանակ կազմակերպվում են արշավներ և այցեր պատմամշակութային վայրեր: Արդեն հինգերորդ տարին է, ինչ «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպությունը ամռանը կազմակերպում է նման ճամբարներ: Երեխաներն այստեղ սովորում են, թե ինչպես պետք է իրենց դրսևորեն՝ որպես ապագա զինվորներ, անցկացվում են վարժանքներ, տեսական և գործնական ուսումնական պարապմունքներ: Նվիրյալներ ռազմամարզական հասարակական կազմակերպության այս նախաձեռնությանն աջակցում են բազմաթիվ անհատներ ու կազմակերպություններ: Որպես հայրենիքի ապագա զինվորներ մատաղ սերնդի դաստիարակությունը «Նվիրյալներ» ռազմամարզական հասարակական կազմակերպության առաքելությունն է: Ճամբարում երեխաները կոփվում են, զբաղվում սպորտով, ապրում ակտիվ հանգստով: