Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ապրիլի 21-ին ընդունել է Հայաստան ժամանած, Սևանի քույր քաղաք Գրենոբլի միգրացիայի, միջազգային համագործակցության հարցերով փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Գրենոբլի քաղաքապետարանի ապակենտրոնացված համագործակցության հարցերով տնօրեն Ֆրանսուազ Նատյուրելը, Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան նախագահ Դանիել Մարանջյանը, «Օվերն-Ռոն-Ալպ» հայկական ֆեդերացիայի նախագահ, հայկական համայնքի ներկայացուցիչ Գրեգուար Ատամյանը, Գրենոբլի և Դոֆինեի Հայկական մշակույթի տան փոխնախագահ Ժենյա Հակոբյանը և հաղորդակցության և մշակութային հարցերի պատասխանատու Վարսիկ Սարգսյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Նույն օրը փոխքաղաքապետ Էմանուել Կարրոզի գլխավորած պատվիրակությունն այցելեց նաև Սևանի Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց: Պատվիրակությանն ուղեկցում էր Սևան համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Մարգարյանը: Սևանի մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը հյուրերին ծանոթացրեց մարզդպրոցում գործող սպորտային խմբակներին, ներկայացրեց նաև մարզադպրոցի ձեռքբերումներն ու լավագույն սաներին, ովքեր մրցանակներ են շահել վերջին ամիսների ընթացքում: Այնուհետև Գենոբլից ժամանած հյուրերը դիտեցին Նվիրյալներ ռազմամարզական հասարակական կազմակերպության, մարզադպրոցի թաեքվոնդոի խմբակի սաների ելույթները և մեծ բավականություն ստացան: Հյուրերին սպասվում էր անակնկալ: Հայաստանի պաուերլիֆթինգի չեմպիոն, սևանցի Վարազդատ Հակոբյանը սահմանեց «Դյուցազնագրքի» նոր ռեկորդ՝ բարձրացնելով սկզբում 320 կգ, այնուհետև 350 կգ ծանրաձող և իր հաղթանակած մրցելույթը նվիրեց Գրենոբլից ժամանած պատվիրակությանը: